Ինչո՞ւ դեռ չենք հանդիպել այլ խելացի կյանքի․ NASA-ի գիտնականներն ունեն տեսություն, որը բավական տխուր է

14 նոյեմբերի, 2022  21:01

Ինչո՞ւ առ այսօր մարդիկ այլ մոլորակներում խելացի կյանքի հետքեր դեռ չեն գտել։ NASA-ի գիտնականներն այս հարցի վերաբերյալ հետաքրքիր տեսություն ունեն. Եվ այն բավականին տխուր է:

Նրանց կարծիքով՝ շրջապատում եղած ողջ խելացի կյանքը, ամենայն հավանականությամբ, ինքն իրեն ոչնչացրել է նախքան կհասներ էվոլյուցիայի և զարգացման այն աստիճանին, որով հնարավոր է շփումը օտար քաղաքակրթությունների հետ: Ընդ որում, նույն ճակատագիրը, մեծ հավանականությամբ, սպասում է մարդկանց։

Համաձայն «Մեծ ֆիլտրի» տեսության, որն առաջարկել են NASA-ի Հարավային Կալիֆոռնիայում գտնվող ռեակտիվ շարժման լաբորատորիայի հետազոտողները, տիեզերքի ողջ կյանքի ընթացքում եղել են այլ քաղաքակրթություններ, բայց դրանք բոլորն էլ ոչնչացրել են իրենք իրենց՝ նախքան Երկրի հետ կապ հաստատելը:

«Ինչպես խուսափել «Մեծ ֆիլտրից». ոչերկրային կյանքն ու մարդկության ապագան տիեզերքում» վերտառությամբ գիտական ​​աշխատության հեղինակները մտավախություն ունեն, որ ողջ խելացի կյանքը, այդ թվում՝ Երկրի վրա գտնվող մարդիկ, ունեն խորը արմատավորված դիսֆունկցիաներ, որոնք բավականին կարճ ժամանակում կարող են հանգեցնել իրենց իսկ ինքնաոչնչացման։

Արդյո՞ք կյանքի հիմքում ընկած է ինքնաոչնչացումը

Կյանքը կարող է չունենալ «ինքնապահպանման» բնատուր հատկություններ, և շատ գիտնականներ համաձայն են այս մտքի հետ: Ավելին, ինքնաոչնչացման ձգտումը կարող է ընկած լինել կյանքի հիմքում։

Փարիզի բարձրագույն նորմալ դպրոցի կենսաբանության ինստիտուտից (IBENS) աստղակենսաբան Բորիս Սոթերեյը չի բացառում, որ կյանքը տիեզերքում ժամանակ առ ժամանակ հայտնվում է պատահականորեն և որոշ ժամանակ անց մահանում է սեփական կենսագործունեության հետևանքով։

Ամենայն հավանականությամբ, նման բան տեղի է ունեցել Մարսի վրա, որտեղ մոտ 3,7 միլիարդ տարի առաջ հնարավոր է, որ ապրած լինեին պարզ մանրէներ, որոնք սնվում էին ջրածնով և արտանետում մեթան։ Նրանց կենսագործունեության արդյունքում մոլորակն այնքան է սառել, որ դրա վրա ապրելը դարձել է անհնար, և մանրէները մահացել են։

Երկրի վրա մարդկությունն այսօր, կարծես, գնում է ինքնաոչնչացման նույն ճանապարհով. մոլորակի խնդիրների մեծ մասը, ներառյալ ջերմոցային էֆեկտը, մեր կենսագործունեության անմիջական հետևանքն են: Հայտնի աստղաֆիզիկոս, STARMUS փառատոնի հեղինակ և գլխավոր կազմակերպիչ Գարիկ Իսրայելյանը վստահ է, որ գլոբալ տաքացումը, օդի աղտոտվածությունը և բնապահպանական այլ խնդիրներ շատ շուտով` ընդամենը մի քանի տասնամյակ հետո, կարող են զգալիորեն վատթարացնել Երկրի վրա կյանքի պայմանները։ Շատ շուտով մարդկությունը ստիպված կլինի մտածել այլ մոլորակներ տեղափոխվելու մասին։ Եթե, իհարկե, մարդկությանը հաջողվի դա անել մինչեւ իր լիակատար ինքնաոչնչացումը։

Իսկ արդյո՞ք փրկության հույս ունե՞նք

Ըստ NASA-ի գիտնականների՝ բոլոր գործոնները, որոնք այսօր սպառնում են խելացի կյանքի գոյությանը Երկրի վրա՝ միջուկային պատերազմներ, համաճարակներ, կլիմայի փոփոխություն և նույնիսկ վերահսկողությունից դուրս եկած արհեստական ​​ինտելեկտ, ամենայն հավանականությամբ, գոյություն են ունեցել նաև այլ մոլորակների վրա:

Սակայն մարդկության փրկության մի փոքր հույս, իհարկե, կա։ Բայց դրա համար մենք ստիպված կլինենք քայլեր ձեռնարկել՝ կանխելու մեր իսկ ոչնչացումը, այն է՝ բացահայտել և արմատախիլ անել մեր մեջ եղած այն կործանարար հատկությունները, որոնք կհանգեցնեն աղետալի արդյունքի։ Ավելին, մարդկությունը գոյատևելու համար պետք է աշխատի միասին, համագործակցի։

«Պատմությունը ցույց է տվել, որ ներտեսակային մրցակցությունը և, որն ավելի կարևոր է, համագործակցությունը մեզ հասցրել են գյուտարարության ամենաբարձր գագաթներին: Այնուամենայնիվ, այսօր մենք տարածում ենք երկարաժամկետ կայուն զարգացմանը խոչընդոտող գաղափարներ, ինչպիսիք են ռասիզմը, ցեղասպանությունը, անհավասարությունը, սաբոտաժը»,- գիտնականները գրել են իրենց աշխատությունում։


 
 
 
 
  • Արխիվ