$69,000․ բիթքոյնի գինը հասել է պատմական առավելագույնի

6 մարտի, 2024  09:51

Բիթքոյնի փոխարժեքը գերազանցել է իր բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշը․ երեկ փաստացի բիթքոյնի գինը հասել է մինչև 69,000-ի։ Դրանից առաջ այս կրիպտոարժույթի գինը մի քանի անգամ բարձրացել էր, սակայն չէր հասել իր առավելագույնին։

Առավելագույն արժեքին հասնելուց անմիջապես հետո իրենց շահույթն են սկսել վերցնել կարճաժամկետ ներդրողները և նրանք, ովքեր 2021-ին բիթքոյն էին գնել 69,000 դոլարով և սպասում էին ներդրված միջոցները վերադարձնելու հնարավորությանը:

Արդյունքում, դրան հաջորդել է խոշոր շտկում, որի ընթացքում երեկ երեկոյան ժամերին բիթքոյնի փոխարժեքն իջել էր արդեն մինչև 60,500 դոլար։ Սակայն հետո գինն սկսեց բարձրանալ՝ հասնելով մինչև մոտ 63,500 դոլարի։

Փորձագետները տարբեր կանխատեսումներ են անում. ոմանք կարծում են, որ փոխարժեքը կշարունակի աճել և նոր ռեկորդներ սահմանել, մյուսները վստահ են, որ մինչև նոր մրցավազքը սպասվում է, որ գինը կիջնի մինչև 50-55,000 դոլարի սահմաններում:

Անցյալ շաբաթ բիթքոյնի փոխարժեքը բարձրացել էր մինչև $64,000, այնուհետև կարճ ժամանակով իջել էր մինչև $58,500։ Սակայն գնանկման ֆոնին խոշոր ներդրողներն սկսել էին բիթքոյն գնել, արդյունքում այն կայունացել էր $62,000-ի սահմաններում և այդ գինը պահպանել մի քանի օր։

eToro մանրածախ ներդրումային հարթակի համաշխարհային շուկաների հարցերով ստրատեգ Բեն Լեյդլերը բացատրել է, որ բիթքոյնի գնի աճին նպաստում են ֆինանսական շարունակական հոսքերը նոր ETF-ներ և ապրիլյան հալվինգի և հունիսին Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքների իջեցման ակնկալիքները։


 
 
 
 
  • Արխիվ