Բիթքոյնի գինը հասել է 60,000 դոլարի․ ինչո՞ւ է այն թանկանում

28 փետրվարի, 2024  15:53

Բիթքոյնն այսօր թանկացել է մինչև $60,000, ինչին նպաստել է նոր բիթքոյն ETF-ներում ֆինանսական միջոցների կայուն հոսքը: Միայն փետրվարին հիմնական կրիպտոարժույթն արդեն աճել է գրեթե 40%-ով, ինչը 2020-ի դեկտեմբերից ի վեր ամենաբարձր ցուցանիշն էր։ Բիթքոյնի երբևէ գրանցված ամեաբարձր գինը եղել 68,789 դոլար։

Թրեյդերներն ակտիվորեն ներդրումներ են անում բիթքոյնում ապրիլյան հալվինգին ընդառաջ, երբ մայնինգի համար պարգևները կկրճատվեն երկու անգամ, ինչը պետք է հանգեցնի փոխարժեքի բարձրացման: Բացի դրանից՝ հեռանկարը, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգն այս տարի կիրականացնի տոկոսադրույքների մի շարք կրճատումներ, մեծացրել է ներդրողների ախորժակը:

«Բիթքոյնի [գնի աճին] նպաստում են ֆինասական շարունակական հոսքերը նոր ETF-ներ և ապրիլյան հալվինգի և հունիսին Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքների իջեցման ակնկալիքները»,- ասել է eToro մանրածախ ներդրումային հարթակի համաշխարհային շուկաների հարցերով ստրատեգ Բեն Լեյդլերը։

Ըստ CoinGecko կրիպտո պլատֆորմի՝ շրջանառության մեջ գտնվող բոլոր բիթքոյնների արժեքն այս ամիս երկու տարվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է 2 տրիլիոն դոլարը, և բուն բիթքոյնի գինը կրկնապատկվել է ընդամենը չորս ամսվա ընթացքում:

Ավելի մեծ ETF-ների նկատմամբ հետաքրքրությունն այս շաբաթ աճել է: Երեք ամենահայտնի հարթակներում, որոնք ղեկավարում են Grayscale-ը, Fidelity-ը և BlackRock-ը, առևտրի ծավալները մշտապես աճում են:

«Ըստ էության, մենք տեսնում ենք ETF էֆեկտը ժամանակից շուտ: Դրանց ներհոսքը արագ աճեց անցյալ շաբաթ և կայուն էր, և մենք կարծում ենք, որ սա արտացոլում է այն, որ խորհրդատուները շատ արագ մուտք գործեցին շուկա և սկսեցին ETF-ներ վաճառել հաճախորդներին»,- իր հերթին ասել է Enigma Securities-ի հետազոտական ընկերության ղեկավար Ջոզեֆ Էդվարդսը:


 
 
 
 
  • Արխիվ