ԱՄՆ-ը ստեղծել է զորքերի կառավարման համակարգ, որը հիմնված է արհեստական բանականության վրա

22 փետրվարի, 2024  16:15

Միացյալ Նահանգները ստեղծել է արհեստական բանականության (ԱԲ) վրա հիմնված համակարգ՝ զորքերի կառավարման և ղեկավարման համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Քեթլին Հիքսը Վաշինգտոնում ԱԲ ռազմական կիրառմանը նվիրված սիմպոզիումի ժամանակ։

«Անցյալ ամառ ես [Պաշտպանության դեպարտամենտի] տեխնոլոգիաների հարցերով ղեկավարի և նրա գործընկերների առաջ խնդիր էի դրել՝ բոլոր տիրույթների համակցված, համատեղ ղեկավարման և կառավարման (CJADC2) համար նվազագույն կենսունակ կարողություններ ապահովել մինչև 2023-ի վերջը: Անվտանգության նկատառումներից ելնելով, ես չեմ կարող ասել, թե որտեղ և ինչ հնարավորությունների մասին է խոսքը»,- ասել է Հիքսը՝ հավելելով, որ դրան հասնելու գործընթացը դժվար է։ Նախագծի վերաբերյալ նա այլ մանրամասներ չի ներկայացրել։

CJADC2-ը բոլոր տիրույթների համակցված, համատեղ ղեկավարումն ու կառավարումն է, այն ԱԲ-ի միջոցով տվյալների փոխանակման լուծում է ռազմական գործողությունների ժամանակ մարտադաշտում տեղի ունեցող իրադարձությունների մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար:

Հիքսը նշել է, որ ԱԲ-ը Պենտագոնի աշխատանքներին ինտեգրելու ջանքերն ուժեղացնում են ԱՄՆ-ի ռազմական հնարավորությունները, սակայն Վաշինգտոնը չի ձգտում ԱԲ սպառազինությունների մրցավազքի։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, թե անհրաժեշտ է, որ  Պենտագոնը մեծ քանակի տվյալների մշակման, ԱԲ-ի, ամպային տեխնոլոգիաների և նմանատիպ այլ տեխնոլոգիաների ոլորտում նախագծերում ներդրումներ կատարի։

«Մեր պրակտիկան սկսվում է 1960-ականներից, երբ պաշտպանության ոլորտի գումարներն ամերիկյան նորարարության հիմնական շարժիչ ուժն էին, իսկ մասնավոր հատվածի դեպքում՝ ավելի քիչ: Այս սցենարն արդեն վաղուց արդի չէ, այժմ առևտրային տեխնոլոգիական մասնավոր ընկերություններն են կատարում նորարարության առյուծի բաժինը, հատկապես տվյալների թվային վերլուծության և ԱԲ-ի հետ կապված»,- ասել է Հիքսը՝ հավելելով, որ Պենտագոնը չի հասցնում մասնավոր հատվածի նորարարությունների հետևից:


 
 
 
 
  • Արխիվ