Ինչո՞ւ է Google-ի տնօրենն ավելի քան 20 հեռախոս օգտագործում

16 փետրվարի, 2024  16:18

Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը հայտնել է, որ ավելի քան 20 տարբեր սմարթֆոններ է օգտագործում, այդ թվում՝ Google-ի արտադրության Pixel սմարթֆոններ։ Այս մասին հայտնում է India Today-ը։

Պիչայը բացատրել է, որ այդքան մեծ քանակի սարքեր օգտագործում է, որպեսզի փորձարկի Google-ի ծառայությունները տարբեր սարքերում և համոզվի, որ դրանք որակյալ են համատեղելի։ Պիչայը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ սմարթֆոններն ունի իր հավաքածուում, և որն է օգտագործում որպես հիմնական։

Google-ի ղեկավարը նաև կիսվել է թվային բարեկեցության և անվտանգության իր տեսլականով։ Պիչայը նաև ասել է, որ մի քանի մեծ գաղափարներ ունի արհեստական բանականության հետ կապված: Նա կարծում է, որ արհեստական բանականությունը կլինի ամենակարևոր տեխնոլոգիան, որը մարդկությունը երբևէ ստեղծել է և դրա ազդեցությունը համեմատել է կրակի և էլեկտրականության գյուտերի հետ։

Նա ասել է, որ իր երեխաների համար չի սահմանում էկրանի դիմաց անցկացվելիք ժամանակի խիստ սահմանափակումներ, այլ խրախուսում է նրանք ինքնուրույն կարգավորեն դա: Բացի դրանից՝ Պիչայը հաճախ չի փոխում իր գաղտնաբառերը, սակայն օգտագործում է երկգործոն նույնականացում իր օգտհաշիվները պաշտպանելու համար։

Սունդար Պիչայը ծագումով հնդիկ ամերիկացի է։ Նա միացել է Google-ին 2004-ին, իսկ Google-ի գործադիր տնօրենի պաշտոնն ստանձնել է 2015-ի հոկտեմբերին։ Խոսվում էր, որ Պիչայը 2014-ին Microsoft-ի գործադիր տնօրենի պաշտոնի հավակնորդներից մեկն էր: 


 
 
 
 
  • Արխիվ