Հայաստանում Մարսի սիմուլյացիոն «AMADEE-24» առաքելությանն ընդառաջ Վիեննայում տեղի է ունեցել գիտափորձերի վերջնական փորձարկումը

7 փետրվարի, 2024  15:46

«AMADEE-24» Մարսի անալոգային հետազոտական առաքելությանն ընդառաջ Հայկական աերոտիեզերական գործակալության և Հայկական տիեզերական ֆորումի պատվիրակությունը վերապատրաստվող փորձնակների և գործընկերների հետ հունվարի 25-29-ը եղել է Ավստրիայում, որտեղ պատվիրակության անդամները Ավստրիական տիեզերական ֆորումի (OeWF) թիմերի հետ միասին մասնակցել են գիտափորձերի երկրորդ և վերջնական փորձարկումներին, ինչպես նաև պաշտոնական հանդիպումներին։  

Մարտին Հայաստանում սպասվող առաքելությանն ընդառաջ Վիեննայում տեղի են ունեցել վերջնական փորձարկումերը․ հայկական պատվիրակությունը տեղում մասնակցել է թռիչքի կառավարման և պլանավորման, գիտության հեռավար աջակցության և մեդիա թիմերի աշխատանքներին, հայկական կողմից ներգրավված փորձնակները ծանոթացել են մարսյան առաքելության աշխատանքային մանրամասներին, Վիեննայի թիմի հետ միասին վերանայել առաքելության բոլոր գիտափորձերի ընթացակարգերն ու իրական դաշտային փորձարկումների արդյունքների հիման վրա իրականացրել անհրաժեշտ շտկումներ։ Հայկական թիմը մասնակցել է նաև անալոգային տիեզերագնացների՝ սկաֆանդրներ հագնելու, դրանցով տեղաշարժման գործընթացներին։ 

AMADEE-24 2 .jpg (351 KB)

«Գիտափորձերի երկրորդ փորձարկումներին մասնակցում են ոլորտի տասնյակ մասնագետներ, ովքեր, մեծ ոգևորությամբ և մասնագիտական ամբողջ փորձառությունն օգտագործելով, իրականացնում են հետազոտությունները: Արդեն երկու տարի է՝ առաքելության շրջանակում աշխատանքներ են ընթանում, և ժամանակն է համոզվելու, որ ամեն ինչ անթերի է գործում։ Միայն այդ դեպքում մենք սարքավորումները բեռնարկղերով կտեղափոխենք առաքելության անցկացման վայր՝ Հայաստան։ Այստեղ էլ կփորձարկվի դրանց ֆունկցիոնալությունն ըստ Մարսի պայմանների։ Սա այն պահն է, երբ թիմի բոլոր անդամները միավորվում են․ խոսքը ոչ միայն տեխնիկական թեստավորման, ինտերֆեյսի, գիտության և տեխնոլոգիայի մասին է, այլև նաև թիմայնության կարևոր ասպեկտի»,- նշել է Ավստրիական տիեզերական ֆորումի նախագահ Գերնոտ Գրյոմերը։

Որպես արտակարգ իրավիճակներում անալոգ տիեզերագնացներին առաջինն արձագանքող և որոշումներ կայացնող՝ թռիչքի կառավարման թիմն աշխատել է Մարսին նման մոդելավորած տարածքում տեղի ունեցող աշխատանքների ընթացիկ մոնիտորինգի ու վերահսկման ուղղությամբ։ Թռիչքի պլանավորման թիմն իրականացրել է առաքելության ամբողջ ընթացքի համար անալոգային տիեզերագնացների և աջակցող թիմի յուրաքանչյուր օրվա պլանավորումը՝ հաշվի առնելով ամեն գիտափորձերի քանակը և դրանց հաջող իրականացման համար անհրաժեշտ ժամանակը։ Իսկ գիտության հեռավար աջակցության թիմը, որպես հետազոտական թիմերի հետ հաղորդակցության պահպանող և առաքելության գիտափորձերը կոորդինացնող, անմիջական հաղորդակցություններ է վարել տարբեր գիտափորձերի հետազոտողների հետ՝ ավարտին հասցնելով հիմնական նախապատրաստական աշխատանքները։  

AMADEE-24 3.jpg (564 KB)

Մեկ տարուց ավել տևած նախապատրաստական աշխատանքներից հետո մարտի 12-ին Հայաստանում տեղի կունենա «AMADEE-24» առաքելության ամենասպասված իրադարձությունը․ 6 անալոգ տիեզերագնացները կհագնեն սկաֆանդրները և մեկ ամսով կմեկուսանան տիեզերակայանում։  

«Անալոգային առաքելության կազմակերպման անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով զինված՝ վերադառնում ենք Հայաստան: Մեծ ոգևորությամբ պատրաստվում ենք դիմավորել Հայաստան ժամանող տիեզերագնացներին, օժանդակող անձնակազմին, գիտնականներին։ Մինչ այդ արդեն Արարատի մարզում ամփոփած կլինենք նաև տիեզերակայանի վերջնական աշխատանքները։ Վիեննայում գտնվելու ընթացքում ականատես եղանք Ավստրիական Տիեզերական ֆորումի ողջ թիմի և հայ փորձնակների, գիտափորձերի ղեկավարների համատեղ աշխատանքներին՝ համաշխարհային հայտնի համալսարանների ակադեմիական թիմերի հետ: Այս ամենն առանձնահատուկ կարևորություն է տալիս տիեզերական տեխնոլոգիաների՝ միջմշակութային գիտական ​​փորձի փոխանակմանը։ Կտեսնվենք Մարտին, Հայստանում»,- նշել է ՀՀ-ում «AMADEE-24» ծրագրի ղեկավար Գայանե Հակոբյանը։ 

 Հայազգի փորձնակներից Մարատ Հայրապետյանը, ով «AMADEE-24» թռիչքի կառավարման թիմից է, նշում է․ «2021-ին, երբ տեղափոխվեցի Հայաստան ու իմացա, որ մարսյան առաքելությունն այստեղ է իրականացվելու, շատ ուրախացա, որ ինքս էլ կկարողանամ ինչ-որ կերպ մասնակցել։ Իմ մեծ երազանքն է մարսյան առաքելություններով զբաղվելը, որովհետև ես վստահ եմ՝ մարդկության էվոլյուցիայի ու զարգացման համար մեզ անհրաժեշտ է հայտնաբերել նոր մոլորակներ։ Երբ հասնենք Մարսի կոլոնիզացմանը՝ իսկ դա հեռու չէ, այն մեզ հնարավորություն կտա ուսումնասիրել ու կիրառել գիտության առաջատար տեխնոլոգիաները»։

AMADEE-24 4.jpg (862 KB)

Փորձարկումներին զուգահեռ Հայկական պատվիրակությունը և Ավստրիական տիեզերական ֆորումի թիմերն ունեցել են նաև պաշտոնական հանդիպումներ։ Առաջին այցը Ավստրիայում Հայաստանի դեսպանատանն էր: 

Ավստրիայում Հայաստանի դեսպան Արմեն Պապիկյանը  ողջունել է առաքելության անդամներին ու կարևորել Հայաստանում անցկացվող միջազգային նմանատիպ մեծ միջոցառումը, ապա՝ հավելել, որ նման նախաձեռնություններն ավելի  սերտ են դարձնում երկու երկրի միջև գործակցությունը․ «Ավստրիայի հետ մեր հարաբերությունները զարգանում են երկկողմ հետաքրքրություն ունեցող բոլոր ոլորտներում: Այս համատեքստում «AMADEE-24»-ը լավագույնս լրացնում է կրթության և գիտության ոլորտներում հայ-ավստրիական գործակցության հարուստ օրակարգը: «AMADEE-24»-ը՝ դեպի Մարս 14-րդ միջազգային սիմուլյացիան Հայաստանում անցկացնելու Ավստրիական տիեզերական ֆորումի որոշումը իսկապես շատ ոգևորիչ է: Մեր երկրի ընտրությունն արտացոլում է ոչ միայն Արարատի մարզում գտնվող սիմուլյացիայի անցկացման վայրի և Մարսի երկրաբանական և տեղագրական նմանությունները, այլև ընդգծում է Հայաստանի կառավարության առաջնահերթությունը՝ զարգացնելու տիեզերական արդյունաբերության ոլորտը»:

AMADEE-24 5.jpg (1.19 MB) 

Ավստրիական տիեզերական ֆորումի նախագահ Գերնոտ Գրյոմերը, որպես երկու երկրների բարեկամության նշան, ցույց է տվել խելացի ժամացույցի առաջին օրինակներից կողմնացույց-ժամացույցը, որը «AMADEE-24»-ի առաքելության օրերին, ըստ ավանդույթի, ժամանակավորապես կբերվի հյուրընկալող երկիր՝ Հայաստան։

Վիեննայում հայկական պատվիրակությանը և Ավստրիական Տիեզերական Ֆորումի տնօրեն Գերնոտ Գրյոմերին հյուրընկալեցին նաև Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարաբերությունների դաշնային նախարարությունում:  

«AMADEE-24» առաքելությունն Հայաստանում անցկացնելու մասին քննարկում է տեղի ունեցել «Գիտական դիվանագիտություն և երկխոսություն» վարչության ղեկավար Ֆրանցիսկա Հոնսովիցի, «Գիտական ​​գործակցության և ​​դիվանագիտության» բաժնի ղեկավար Առնոլդ Օբերմայրի և նախարարության պատվիրակության հետ։ Վերջիններս հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու ծրագրի շարունակականությանը համալսարանների միջև փոխանակման, գիտակրթական ծրագրերի զարգացման և առաջխաղացման միջոցով։ 

AMADEE-24 6.jpg (841 KB) 

Հայաստանում անալոգային ուսումնասիրությունները կանցկացվեն Արարատի մարզում՝ բարձր ժայռոտ սարահարթի վրա, որն ընտրվել է Կարմիր մոլորակի հետ երկրաբանական և տեղագրական նմանությամբ։ Բարձր պատրաստվածություն ունեցող անալոգային տիեզերագնացներից բաղկացած անձնակազմը տիեզերակայանի սիմուլյատորում փորձեր կանցկացնի տարբեր մարսագնացների և ռոբոտատեխնիկայի միջոցով՝ նախապատրաստվելով ապագա մարդկային և ռոբոտային Մարսի հետախուզական առաքելություններին: Սիմուլյացիոն տիեզերակայանի կառուցմանն աջակցում է ալյումինե դռների և պատուհանների հայկական առաջատար արտադրող PROFAL ընկերությունը՝ ապահովելով անալոգային տիեզերագնացների մեկուսացման համար անհրաժեշտ պայմանները։

«Ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է աշխարհում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանն ու հեղինակության ամրապնդմանը, մեր ուշադրության առանցքում է։ Լիահույս ենք, որ «AMADEE-24»-ի շրջանակում ձևավորվող միջազգային համագործակցությունը կտա իր ցանկալի արդյունքը՝ նպաստելով Մարսի անալոգային ուսումնասիրություններին»,- նշել է PROFAL GROUP-ի գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը։

AMADEE-24 7.jpg (793 KB)

Հայաստանը 2024 թ. մարտի 5-ից մինչև ապրիլի 5-ը կհյուրընկալի տիեզերական տեխնոլոգիաների անալոգային հետազոտությունների ոլորտում հեղինակավոր Մարսի անալոգային հետազոտական ծրագիրը («AMADEE-24»)։ AMADEE-ն «Ավստրիական տիեզերական ֆորում»-ի (OeWF) առաջատար հետազոտական ծրագիր է, որի նպատակը Երկրի վրա ստեղծված հատուկ պայմաններում տիեզերական այլ մարմինների վրա սարքավորումների, աշխատանքային պրոցեսների ու գիտական հետազոտությունների մշակումն է, ինչը դրվելու է դեպի Մարս գալիք առաքելությունների հիմքում: 2013-ին անալոգային առաքելությունն իրականացվել է Մարոկկոյում, 2015-ին՝ Ավստրիայում, 2018-ին՝ Օմանում և 2021թ-ին՝ Իսրայելի Նեգև անապատում: 2024-ի թեկնածու երկրների շարքում եղել են նաև Ավստրալիան, Եգիպտոսն ու Թունիսը. հյուրընկալող երկիր ընտրվել է Հայաստանը։ «AMADEE-24» Նախագծի կազմակերպիչներն են «Հայկական աերոտիեզերական գործակալությունն» ու «Հայկական տիեզերական ֆորումը», կառավարումն իրականացնում է «Ավստրիական տիեզերական ֆորումը»։ Հայաստանում առաքելությանը կմասնակցեն 250 գիտնական և՛ Հայաստանից, և՛ արտերկրից: Առաքելության անալոգային տիեզերագնացների թռիչքային անձնակազմում ընդգրկված են ոլորտային առաջատար գիտնականներ՝ Ասվտրիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Նիդեռլանդներից, Իտալիայից, Իսրայելից և այլ երկրներից։ 

Ավստրիական տիեզերական ֆորումը (Österreichisches Weltraum Forum, OeWF) մասնավոր տիեզերական հետազոտական ​​հաստատություն է և տիեզերական թռիչքների մասնագետների, բիզնես ոլորտի և տիեզերքով հետաքրքրվող մարդկանց համար հարթակ: Ֆորումը պարբերաբար Մարսի անալոգային առաքելություններ է իրականացնում, որոնց մասնակցում են գիտնականներ և կառույցներ ամբողջ աշխարհից: OeWF-ն էական դեր ունի միջազգային երկու Cube-Sat առաքելություններում, որոնք 2022 թվականից հայտնաբերում են տիեզերական աղբը Մերձերկրյա Ուղեծրում։ 1998 թվականից սկսած՝ ավելի քան 20 երկրներից 250 անդամ ունեցող Ավստրիական տիեզերական ֆորումը կենտրոնացած է գիտության ​​գերազանցության վրա, հիմք է դնում, ձևավորում, միավորում է կադրերի և ոգեշնչում  մարդկանց ամբողջ աշխարհում։ 


 
 
 
 
  • Արխիվ