Ռոբոտների ապստամբությունը և ԽՍՀՄ այլընտրանքային պատմությունը Atomic Heart-ում. ե՞րբ սպասել նոր խաղի թողարկմանը

11 նոյեմբերի, 2022  14:11

Ռոբոտներն ապստամբել են իրենց ստեղծողների դեմ, և մայոր Սերգեյ Նեչաևը, որն ավելի հայտնի է որպես П-3, ստիպված է կանգնեցնել նրանց։ Այսպիսին կլինի ռուսական Mundfish ստուդիայի ստեղծած Atomic Heart նոր խաղի սյուժեն, ինչը պարզ է դառնում վեց րոպե տևողությամբ տեսանյութից, որը հրապարակել է IGN պորտալը՝ իր ​​IGN First մշտական խորագրի տակ։

Խաղի իրադարձությունները կծավալվեն այլընտրանքային պատմության միջավայրում, որտեղ գիտնական Դմիտրի Սեչենովի գյուտերի շնորհիվ Խորհրդային Միությունը դառնում է տեխնոլոգիական գերտերություն։

Թեև խաղի սյուժեն աչքի չի ընկնում իր յուրօրինակությամբ, դրա ճիշտ մատուցումը` զուգորդված գեղեցիկ գրաֆիկայի և լավ գեյմփլեյի հետ, կարող է այն դարձնել 2023 թ․ լավագույն խաղերից մեկը:

Ինչպե՞ս ԽՍՀՄ-ը դարձավ ռոբոտացված գերտերություն և ի՞նչն այնպես չստացվեց

Խաղի այլընտրանքային աշխարհում 1936 թ․ Բժշկական գիտությունների ակադեմիայի գլխուղեղի գիտահետազոտական ​​ինստիտուտի պրոֆեսոր Դմիտրի Սերգեևիչ Սեչենովը ստեղծում է էլեկտրոնների եզակի կուտակիչ սարք (որը հետագայում դառնում է սառը սինթեզի շարժական ռեակտորների հիմքը) և հայտնագործում «Պոլիմեր» նյութը: Այդ ժամանակ նա չէր էլ կարող պատկերացնել, որ իր մշակումները տեխնոլոգիական առաջընթացի և բարգավաճման դարաշրջանի սկիզբը կդնեն։ Եվ արդյունքում նաև կհանգեցնեն լուրջ խնդիրների:  

atomic-heart-3

Սեչենովի «Ձեռնարկություն 3826» հետազոտական ​​կենտրոնն աշխատում է սարքի ստեղծման վրա, որի օգնությամբ մարդը կարող է մտքի ուժով կառավարել ռոբոտներին։ Այսպես է հայտնվում «Կոլեկտիվ» կոչվող նեյրոնային ցանցը, իսկ հետո՝ դրա 2.0 տարբերակը, որը պետք է պոլիմերային իմպլանտի միջոցով մարդու միտքը կապեր ռոբոտի օպերացիոն համակարգի հետ։ Այս համակարգը կոչվում էր «Միտք»։

1955 թ․ «Միտք» համակարգում տեղ գտած անսարքության պատճառով «Ձեռնարկություն 3826»-ում օգնական ռոբոտներն ապստամբում են իրենց ստեղծողների դեմ։

atomic-heart-4

Հենց այստեղից էլ սկսվում է խաղի սյուժեն. խաղացողների ղեկավարման ներքո՝ գլխավոր հերոսը ոչ միայն պետք է ճնշի ապստամբությունը «Ձեռնարկություն 3826»-ի տարածքում, այլև պարզի տեղի ունեցածի հանգամանքները և նույնիսկ առերեսվի ոչ միայն «Ձեռնարկություն 3826»-ի, այլ նաև ԽՍՀՄ ղեկավարության ներկայացուցիչների հետ։

Ուրիշ ի՞նչ հայտնի է Atomic Heart-ի մասին և ե՞րբ այն կթողարկվի

Ինչ վերաբերում է խաղային պրոցեսին, ապա այն դերային վիդեոխաղի տարրերով և առաջին դեմքից արկածային մարտախաղ է: Խաղացողներին խոստացել են «Ձեռնարկություն 3826» հսկայական բաց աշխարհը, որտեղ խաղացողն ինքը կկարողանա որոշել, թե ուր գնալ և ինչ անել: Մշակողները նաև խոստացել են մոտ և հեռու տարածությունների համար նախատեսված զենքերի լայն տեսականի և արհեստագործական համակարգ, որը թույլ կտա նոր զենքեր ստեղծել այն մասերից, որոնք կարելի է գտնել խաղի ընթացքում:

atomic-heart-2.jpg

Atomic Heart-ի թողարկումը սպասվում է 2023 թ․ փետրվարի 21-ին PC համակարգիչների (Steam, VK Play Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում), PS4, PS5, Xbox One, Xbox Series X և S սարքերի համար: Արդեն այսօր VK Play-ում կարելի է նախապես պատվիրել խաղի երեք տարբերակներից մեկը՝ Standard՝ 2499 ռուբլով (մոտ 16 000 դրամ), Gold՝ 3199 ռուբլով (մոտ 21 000 դրամ) և Premium՝ 3599 ռուբլով (մոտ 23 000 դրամ):


 
  • Ամենաընթերցվածը
 
 
 
 
  • Արխիվ