Կինը փորձել է մարմնին ամրացրած 50 սմարթֆոն անցկացնել չինական սահմանը

29 հունվարի, 2024  17:07

Չինացի մաքսավորները ձերբակալել են մի կնոջ, որը փորձել է մարմնին ամրացված 50 սմարթֆոն մաքասանենգ ճանապարհով ներմուծել երկիր։ Ստուգման ժամանակ կինը փորձել է փախուստի դիմել, սակայն մաքսավորները բռնել են նրան։

Ինչպես տեղեկացնում է gadgettendency.com-ը, կինն իր մարմնին ամրացրած է եղել 30 iPhone և Samsung-ի արտադրության 20 հեռախոս։ Այլ մանրամասներ դեպքի մասին չեն հաղորդվում։

Պարբերականը նշում է, որ այսպիսի մեթոդներով բջջային հեռախոսներ Չինաստան տեղափոխելու դեպքերը հազվադեպ չեն։ Անցած տարվա դեկտեմբերի վերջին չինական Գոնգբեյի մաքսատանը առգրավվել էր 100 iPhone, որոնք մի տղամարդ փորձել էր մաքսանենգ ճանապարհով տեղափոխել Չինաստան։ Խուզարկության ժամանակ հեռախոսներից մեկում երաժշտություն էր միացել։

2023-ի օգոստոսին մի քանի մաքսանենգներ փորձել էին ավտոբուսի շարժիչում թաքցված 780 հատ Intel համակարգչային պրոցեսորներ (մոտ $137,000 արժողությամբ) նույն մաքսակետով ապօրինի ճանապարհով ներմուծել երկիր, սակայն մաքսային ծառայությունը կանխել էր փորձը։

Անցած տարի նման մի դեպք էլ տեղի էր ունեցել Հոնկոնգում, երբ մաքսավորները Հոնկոնգ-Չժուհայ-Մակաո կամրջի վրա հայտնաբերել էին 70 հատ Nvidia Quadro K2200 տեսակի մաքսանենգ վիդեոքարտ, որոնք թաքցված էին եղել 280 կգ կենդանի օմարներով բեռում:


 
 
 
 
  • Արխիվ