Արդյո՞ք կոտրել են Yappy-ին․ սոցցանցը հերքում է 2 մլն օգտատիրոջ տվյալների արտահոսքը

9 նոյեմբերի, 2022  13:50

Հաքերները կոտրել են Yappy սոցիալական ցանցը և գողացել 2 միլիոն օգտատիրոջ տվյալները։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» թերթը։ Լուրը հաստատել են նաև տելեգրամյան մասնագիտացված ալիքները, սակայն սոցցանցը հերքում է այս տեղեկությունը։

Ըստ Data1eaks-ի՝ տվյալների բազան, որը գողացել են ծառայության ադմինիստրատորներից մեկի օգտահաշվի միջոցով, պարունակում է 2,160,348 հեռախոսահամար։ Տվյալների բազան մոտ 1 ԳԲ է, որում կան նաև այլ տվյալներ պարունակող աղյուսակներ, ինչպիսիք են օգտատիրոջ անունը, ծննդյան ամսաթիվը, սմարթֆոնի մոդելը և օպերացիոն համակարգն ու դրա տարբերակը, գաղտնաբառի հեշը, օգտվողի ID-ն և կապակցված օգտահաշիվների մասին տվյալներ: Ըստ հեռուստաալիքի՝ 2022 թ հուլիսի 1-ի դրությամբ տվյալների բազայում եղել են թարմ տվյալներ։ 

Yappy սոցցանցը, ինչպես նաև «Գազպրոմ-Մեդիա»-ն, որին այն պատկանում է, չեն հաստատել արտահոսքի մասին տեղեկությունը։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ սոցցանցի ներկայացուցիչները նշել են, որ հանրային բաց տիրույթում են հայտնվել «օգտատերերի ոչ ակտուալ և ոչ անձնական տվյալներ, որոնք պարունակում են մականուններ և հեռախոսահամարներ»։

Սոցցանցի ներկայացուցիչները նշել են նաև, որ հավելվածը չի հավաքում այնպիսի տվյալներ, ինչպիսիք են օգտատերերի անունները, ծննդյան ամսաթիվը և այլն, ուստի արտահոսքը չի կարող դրանց անվերահսկելի տարածման վտանգի հանգեցնել։

Ռուսաստանի Դաշնության օրենքները պահանջում են, որ կազմակերպությունը, որը բախվել է տվյալների արտահոսքի խնդրի, 24 ժամվա ընթացքում պետք է այդ մասին տեղեկացնի Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությանը՝ Ռոսկոմնադզորին: Եթե ​​արտահոսքի մասին տեղեկությունը հայտնվում է լրատվամիջոցներում կամ հայտնաբերվում է Ռոսկոմնադզորի աշխատակիցների կողմից նախքան ընկերության կողմից ծանուցումը, ապա դա կարող է ընկալվել որպես միջադեպը թաքցնելու փաստ։

Yappy սոցցանցը գործարկվել է 2021 թ․ նոյեմբերի 29-ին Ritm Media-ի կողմից, որը «Գազպրոմ Մեդիա»-ի մաս է կազմում։ Yappy-ն համարվում է TikTok-ի ռուսական անալոգը. այն թույլ է տալիս տեղադրել և դիտել կարճ, ուղղահայաց տեսանյութեր: Այսօր Yappy-ի հավելվածը ներբեռնելու համար հասանելի է iOS և Android հարթակներում, իսկ սոցցանցի օգտատերերի թիվն արդեն գերազանցում է 4 միլիոնը։ 


 
 
 
 
  • Արխիվ