Վտանգավո՞ր է սմարթֆոնի համար ոչ բնօրինակ լիցքավորիչ օգտագործելը

22 հունվարի, 2024  19:47

Որքանո՞վ է վտանգավոր սմարթֆոնի համար ոչ բնօրինակ լիցքավորիչ օգտագործելը: Կարո՞ղ են դրա հետևանքով խնդիրներ առաջանալ։ Այս հարցի արդիականությունն այսօր մեծացել է, քանի որ շատ արտադրողներ դադարել են սմարթֆոնների հետ լիցքավորիչներ վաճառել։

Ռուսաստանի տեխնոլոգիական համալսարանի Տեղեկատվական անվտանգության բաժնի դասախոս Վասիլի Շուտովը կարծում է, որ ոչ բնօրինակ լիցքավորիչ օգտագործելը սմարթֆոնի համար գուցեև վնասակար չլինի։

Նրա խոսքով՝ հեռախոսը չի կարող «վերալիցքավորվել» ավելի հզոր սնուցման աղբյուրից, պարզապես չի կարող ավելի շատ լիցք վերցնել, քան նախատեսված է արտադրողի կողմից։

Շատ այլ փորձագետներ կարծում են, որ ամեն ինչ կախված է լիցքավորիչի որակից և մի շարք բնութագրերից։ Ահա մի քանի գործոններ, որոնք պետք է հաշվի առնել․

  • Լարում և հոսանք։ Տարբեր լիցքավորիչներ ունեն տարբեր ելքային լարում և հոսանք: Սխալ լարմամբ կամ հոսանքով լիցքավորիչի օգտագործումը տեսականորեն կարող է վնասել սմարթֆոնը կամ դրա մարտկոցը:
  • Լիցքավորիչի որակը։ Այլ արտադրողների որոշ լիցքավորիչներ կարող են չհամապատասխանել որակի նույն չափանիշներին, ինչ արտադրողի տրամադրած բնօրինակ լիցքավորիչը: Վատ պատրաստված լիցքավորիչները կարող են չունենալ անվտանգության համապատասխան առանձնահատկություններ, ինչը կարող է հանգեցնել սմարթֆոնի գերտաքացման կամ վնասման:
  • Լիցքավորման արագություն։ Լիցքավորման արագությունը կարող է տարբեր լինել՝ կախված այլ արտադրողների լիցքավորիչներից: Որոշ լիցքավորիչներ կարող են չաջակցել բնօրինակ լիցքավորիչի արագ լիցքավորման հնարավորություններին:
  • Երաշխիքային հետևանքներ: Որոշ դեպքերում ոչ բնօրինակ լիցքավորիչի օգտագործումը կարող է չեղյալ համարել սմարթֆոնի երաշխիքը, եթե պարզվի, որ սմարթֆոնը վնասվել է դրա հետևանքով։

Հնարավոր խնդիրներից խուսափելու և ռիսկերը նվազագույնի հասցնելու համար խորհուրդ է տրվում, որ երրորդ կողմի լիցքավորիչ գնելիս ուշադրություն դարձնել լարման և հոսանքի բնութագրերին. ցանկալի է, որ դրանք համապատասխանեն բնօրինակ լիցքավորիչի բնութագրերին: Ցանկալի է ձեռք բերել լիցքավորիչներ վստահելի արտադրողներից կամ վաճառողներից:

Հիշեցնենք, որ, հակառակ տարածված կարծիքի, հեռախոսը կարելի է լիցքավորել գիշերվա ընթացքում, եթե օգտագործեք համապատասխան լիցքավորիչ և աշխատող մալուխ։


 
 
 
 
  • Արխիվ