Corning-ը ներկայացրել է նոր Gorilla Armor ապակի՝ քերծվածքներից ուժեղացված պաշտպանությամբ. ո՞ր հեռախոսն է այն ստացել առաջինը

19 հունվարի, 2024  14:18

Ժամանակակից սմարթֆոններն ունեն բավականին դիմացկուն պաշտպանիչ ապակիներ, որոնք սմարթֆոնի՝ առնվազն մի գանի անգամ ընկնելու դեպքում չեն կոտրվում: Սակայն այսպիսի  ապակիները դեռ հեշտությամբ քերծվում է: Այժմ, սակայն, Corning ընկերությունը ներկայացրել է նոր Gorilla Armor ապակի՝ քերծվածքներից ուժեղացված պաշտպանությամբ: Եվ առաջին սմարթֆոնը, որն ստացել է այս ապակին, ֆլագմանային Samsung Galaxy S24 Ultra-ն է։

Corning-ը պնդում է, որ սա էկրանների համար ամենաամուր ապակին է, և առաջիկա օրերին YouTube-ում բազմաթիվ սթրես-թեստեր կհայտնվեն դա ապացուցելու կամ հերքելու համար: Մշակողը նաև պնդում է, որ Gorilla Armor-ը քերծվածքների նկատմամբ ամենադիմացկուն Gorilla Glass-ն է, և չորս անգամ ավելի արդյունավետ է պաշտպանում դրանցից, քան ցանկացած այլ ապակի:

«Դրա բացառիկ ամրությունը գնահատելու համար Corning-ն ստեղծել է նոր լաբորատոր թեստ, որը կոչվում է Scratch Bot՝ առօրյա օգտագործման ժամանակ հանդիպող միկրո քերծվածքները նմանակելու համար: Այս խիստ փորձարկման ժամանակ Gorilla Armor-ի վրա տեսանելի քերծվածքներ չեն հայտնաբերվել, և այն դրսևորել է ավելի քան չորս անգամ արդյունավետ դիմադրություն քերծվածքի  նկատմամբ, քան մրցակից ալյումինոսիլիկատային պաշտպանիչ ապակիները»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում։

Մշակողը նաև պնդում է, որ սովորական ապակե մակերեսի համեմատ Gorilla Armor-ն ապահովում է տեսողական բարելավված հստակություն և նվազեցնում արտացոլումը մինչև 75%՝ մեծացնելով էկրանի ընթեռնելիությունը և նվազագույնի հասցնելով էկրանի արտացոլումը գրեթե ցանկացած միջավայրում:


 
 
 
 
  • Արխիվ