Galaxy S24, S24+ և S24 Ultra. այն ամենը, ինչ պետք է իմանալ Samsung-ի՝ ԱԲ ֆունկցիաներով նոր առաջատար սմարթֆոնների մասին

18 հունվարի, 2024  10:15

2024-ին Galaxy Unpacked վերտառությամբ առաջին միջոցառման շրջանակում Samsung ընկերությունը ներկայացրել է իր հաջորդ սերնդի առաջատար սմարթֆոնները՝ Galaxy S24, Galaxy S24+ և Galaxy S24 Ultra: Բոլոր նորույթների հիմնական առանձնահատկություններից մեկը Galaxy AI-ն է՝ արհեստական բանականության (ԱԲ) վրա հիմնված գործառույթների շարք, որոնք, ըստ մշակողների, կարող են «առօրյա կյանքը լցնել նոր հնարավորություններով՝ անսահմանափակ հաղորդակցությունից մինչև ստեղծագործական օգնություն»:

Galaxy AI. Հետաքրքիր և օգտակար գործառույթներ

Նոր առաջատար սմարթֆոններում ԱԲ-ը կարող է բարելավել օգտատերերի կյանքի տարբեր ասպեկտները, հատկապես հաղորդակցության ոլորտում: Այսպես, ԱԲ-ի շնորհիվ Galaxy S24 շարքի սմարթֆոնները կարող են իրական ժամանակում ապահովել հեռախոսազանգերի ձայնային և տեքստային երկկողմանի թարգմանություն։ Այս գործառույթը կոչվում է Live Translate և չի պահանջում հեռախոսում տեղադրել որևէ հավելված: Ավելին, այն աշխատում է լոկալ և պահպանում է օգտատերերի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը: Հետաքրքիր է նաև, որ թարգմանության համար ինտերնետ կապ չի պահանջվում։

Մեկ այլ հետաքրքիր նորամուծություն է Chat Assist-ը, որը կարող է օգնել ձեզ ընտրելու հաղորդակցության համապատասխան տոնը, որպեսզի ձեր ասելիքը հնչի ճիշտ այնպես, ինչպես ի սկզբանե մտածել էիք: Samsung-ի ստեղնաշարում նաև ներկառուցված է ԱԲ, որը կարող է իրական ժամանակում թարգմանել հաղորդագրությունները 13 լեզուներով: Իսկ ավտոմեքենայում Android Auto-ն կարող է ավտոմատ կերպով վերլուծել մուտքային հաղորդագրությունները և առաջարկել համապատասխան պատասխաններ և գործողություններ:

Նշումների համար կիրառվող օգնականը՝ Note Assist-ը, օգնում է աշխատել Samsung Notes հավելվածի տեքստերի հետ. ԱԲ-ն կարող է ընդգծել տեքստի հիմնական մտքերը, կառուցվածքավորել այն, ուղղել ուղղագրական սխալները և նույնիսկ ընտրել տեքստից ամենակարևոր բաները և ներկայացնել այն ցուցակի տեսքով:

Կան նաև ձայնային ձայնագրությունների սղագրելու, ամփոփելու և թարգմանելու հնարավորություններ, նույնիսկ եթե կան մի քանի խոսողներ: Այս նպատակով Transcript Assist-ն օգտագործում է ԱԲ և Speech-to-Text տեխնոլոգիա:

Galaxy S24-ն ունի ևս մեկ հետաքրքիր գործառույթ, որը Google-ի օգնությամբ է մշակվել: Այն կոչվում է Circle to Search։ Home կոճակը երկար սեղմելուց հետո օգտատերերը կարող են էկրանին երևացող ցանկացած բան շրջանակի մեջ առնել, նշել, ընդգծել, կամ պարզապես հպվել էկրանի այդ հատվածին, և համակարգը հասկանում է, որ դրա մասին տեղեկություններ են հարկավոր, Google-ում որոնում է անում և պատասխանում է հարցմանը։

Նոր սմարթֆոնների ԱԲ հնարավորությունները սրանով չեն սահմանափակվում։ Կան նաև լուսանկարների խմբագրման գործիքներ, որոնց օգնությամբ կարելի է լուսանկարներից հեռացնել ավելորդ առարկաները, հարթեցնել շրջանակները, փոխել կոմպոզիցիաները, ավելացնել ֆոնի մասեր և այլն։

Տեխնիկական բնութագրեր

Տեխնիկական բնութագրերի առումով նոր ֆլագմաններում առանձնահատուկ անակնկալներ չկան։ Ավելի ավագ Galaxy S24 Ultra մոդելն ստացել է Snapdragon 8 Gen 3 պրոցեսոր՝ մինչև 3,3 ԳՀց հաճախականությամբ, իսկ Galaxy S24 և Galaxy S24+ սմարթֆոններն ստացել են տասը միջուկով Samsung Exynos 2400 մինչև 3,2 ԳՀց հաճախականությամբ (չնայած ԱՄՆ-ում և որոշ այլ երկրներում կլինեն տարբերակներ Snapdragon 8 Gen 3-ով): Galaxy S24 Ultra-ն ունի գոլորշու խցիկով հովացման համակարգ, որը 1,9 անգամ ավելի մեծ է, քան Galaxy S23 Ultra-ն:

Galaxy S24-ն ստացել է 8 ԳԲ օպերատիվ և 128, 256 կամ 512 ԳԲ ներկառուցված հիշողություն: Galaxy S24+-ը և S24 Ultra-ն ստացել են 12 ԳԲ օպերատիվ, 256 կամ 512 ԳԲ ներկառուցված հիշողություն: Ultra-ն հասանելի կլինի նաև 1 ՏԲ ներկառուցված հիշողության տարբերակով:

Բոլոր երեք սմարթֆոններն ստացել են հարթ էկրաններ Dynamic AMOLED 2X վահանակների վրա՝ 1-ից 120 Հց ադապտիվ թարմացման հաճախականությամբ:

  • Հիմնական Galaxy S24-ն ստացել է 6,2 դյույմանոց էկրան՝ 2340 × 1080 պիքսել կետայնությամբ,
  • Միջին մոդելը՝ Galaxy S24+-ը, ունի 6,7 դյույմանոց էկրան՝ 3088 × 1440 պիքսել կետայնությամբ,
  • Ավելի ավագ մոդել Galaxy S24 Ultra-ն ստացել է 6,8 դյույմանոց էկրան՝ 3088 × 1440 պիքսել կետայնությամբ։

Տեսախցիկների առումով Galaxy S24 Ultra-ն ունի հետևի չորս տեսախցիկ, որոնք կարող են ապահովել ֆոկուսի չորս հեռավորություն: Դրանցից երեքը մենք արդեն տեսել ենք Galaxy S23 Ultra-ում. հիմնական մոդուլն ունի 200 ՄՊ կետայնություն, 12 ՄՊ լայնանկյուն տեսախցիկ և հեռաֆոտո ոսպնյակով տեսախցիկ՝ եռակի օպտիկական խոշորացումով և 10 ՄՊ կետայնությամբ։ Չորրորդ մոդուլն արդեն նոր է։

Տասակի օպտիկական խոշորացման փոխարեն այժմ կա 5x օպտիկական խոշորացում, սակայն կա «հիբրիդ» խոշորացում՝ մասշտաբայնացման բարձր մակարդակ ապահովելու համար: Օպտիկական կայունացուցիչ ունեն հիմնական և երկու հեռաֆոտո տեսախցիկները։

Galaxy S24-ի և S24+-ի տեսախցիկները մնում են անփոփոխ նախորդ մոդելների համեմատ՝ առաջարկելով եռակի մոդուլ՝ ֆոկուսային տարբեր հեռավորությունների համար: 50 ՄՊ հիմնական տեսախցիկը, 12 ՄՊ լայնանկյուն տեսախցիկը և 10 ՄՊ հեռաֆոտո ոսպնյակը օպտիկական կայունացմամբ ապահովում են լուսանկարչության և տեսանկարահանման բազմազան հնարավորություններ:

Galaxy S24 շարքում կիրառվում է ԱԲ-ով աշխատող նոր ալգորիթմ՝ ProVisual-ը, որն ուժեղացնում է լուսանկարչական փորձառությունը և հնարավորություն է տալիս ստեղծագործական ազատություն պատկերների հետ աշխատանքի յուրաքանչյուր փուլում: Այս նոր ալգորիթմները խոստանում են ստեղծել մաքուր, դետալներով հարուստ բարձրորակ պատկերներ։

Ինչ վերաբերում է մարտկոցներին, ապա Galaxy S24 Ultra-ն պահպանում է իր նախորդի հզորությունը և ունի լարով լիցքավորման աջակցություն մինչև 45 Վտ հզորությամբ: Galaxy S24-ը և S24+-ն իրենց հերթին ստացել են մարտկոցի հզորության ավելացում՝ համապատասխանաբար մինչև 4000 մԱ/ժ և 4900 մԱ/ժ։

Հարկ է նաև նշել, որ Galaxy S24 Ultra-ն ունի տիտանի շրջանակ և Wi-Fi 7-ի աջակցություն, ինչը այս մոդելին տալիս է մի քանի լրացուցիչ առավելություններ։ Galaxy S24 շարքի բոլոր նոր արտադրանքները ունեն ջրից և փոշուց պաշտպանություն՝ համաձայն IP68 ստանդարտի:

Samsung-ը խոստանում է երկարաժամկետ աջակցություն նոր սմարթֆոնների համար. Galaxy S24-ն Android օպերացիոն համակարգի թարմացումներ կստանա յոթ տարի: Սա նշանակում է, որ այս սարքերը կստանան Android 21-ի թարմացումներ, եթե Google-ը ամեն տարի թողարկի նոր տարբերակներ:

Galaxy S24 Ultra-ի գինը կսկսվի 1299 դոլարից, որն ավելի թանկ է, քան իր նախորդը։ Galaxy S24+-ի գինը $999 է, մինչդեռ Galaxy S24-ը հասանելի է $799-ից։ Նոր մոդելների վաճառքը կսկսվի հունվարի 31-ից։ 


 
 
 
 
  • Արխիվ