Ո՞ր ոլորտների աշխատողներին կարող է արհեստական բանականությունը փոխարինել 2024-ին

17 հունվարի, 2024  16:13

2024-ին գեներատիվ արհեստական բանականության ​(ԱԲ) ներդրումը կհանգեցնի ձեռնարկությունների աշխատակիցների թվի կրճատմանը առնվազն 5%-ով։ Այս կարծիքին է ամբողջ աշխարհի ընկերությունների թոփ-մենեջերների 25%-ը, ըստ PricewaterhouseCoopers (PwC) միջազգային խորհրդատվական կորպորացիայի հարցման արդյունքների, որոնք հրապարակվել են կազմակերպության պաշտոնական կայքում։

PwC-ի նոր ուսումնասիրության արդյունքների հրապարակումը համընկնում էր ամենամյա Համաշխարհային տնտեսական ֆորումի հետ, որն անցկացվում է Շվեյցարիայի Դավոս քաղաքում հունվարի 15-ից 19-ը:

Համաձայն 105 երկրների 4702 բիզնեսի ղեկավարների շրջանում անցկացված հարցման՝ ԱԲ-ի պատճառով աշխատատեղերի կրճատումն առաջին հերթին կազդի այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են մեդիան և ժամանցը, բանկային գործունեությունը, ապահովագրությունը և լոգիստիկան: Շատ քիչ հավանական է, որ ավտոմատացումը փոխարինի ինժեներական և շինարարական ընկերությունների աշխատակիցներին, ինչպես նաև տեխնոլոգիական ընկերությունների մասնագետներին:

Հարցվածների մեկ երրորդը (32%) ասել է, որ 2023-ին իրենց բիզնեսում ներդրել են ԱԲ-ի վրա հիմնված գործիքներ: Հետազոտության մասնակիցների մոտ 58%-ն ակնկալում է, որ նեյրոցանցերը մինչև 2024-ը կբարելավեն իրենց արտադրանքի կամ ծառայությունների որակը: Հարցվածների 69%-ի կարծիքով՝ իրենց աշխատակիցները պետք է նոր հմտություններ սովորեն, որպեսզի սկսեն ԱԲ-ն իրենց աշխատանքում օգտագործել։

Հարցվածների մոտ 46%-ը կարծում է, որ գեներատիվ ԱԲ-ի օգտագործումը կբարելավի ընկերության շահութաբերությունը առաջիկա 12 ամիսների ընթացքում։ Ընդ որում, հարցվածների 47%-ը կարծում է, որ տեխնոլոգիան միայն աննշան փոփոխություններ կապահովի կամ ընդհանրապես ազդեցություն չի ունենա։


 
 
 
 
  • Արխիվ