Apple-ին ժամանակավոր թույլ են տվել վերսկսելու խելացի ժամացույցների վաճառքն ԱՄՆ-ում

28 դեկտեմբերի, 2023  14:30

Apple-ը հասել է նրան, որ ժամանակավոր հետաձգվի ԱՄՆ-ում իր խելացի ժամացույցների վաճառքի արգելքը։ Դաշնային վերաքննիչ դատարանը կարգադրել է հետաձգել ներմուծման և վաճառքի արգելքը, որն ուժի մեջ էր մտել այս շաբաթվա սկզբին, մինչև ԱՄՆ մաքսային և սահմանների պաշտպանության մարմինը վերջնական որոշում կայացնի գործի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Apple-ը դիմել էր Մաքսային և Սահմանային պաշտպանությանը, որպեսզի թույլ տան Watch Series 9-ի և Watch Ultra 2-ի թարմացված տարբերակների ներմուծումը: Այս հարցի վերաբերյալ պաշտոնական որոշում պետք է կայացվի մինչև հունվարի 12-ը. գործակալությունը պետք է որոշի՝ արդյոք այս խելացի ժամացույցներում ընկերության արած փոփոխությունները բավարար են, որպեսզի թույլ տրվի դրանք կրկին վաճառել ԱՄՆ-ում: Մինչ այս պահը Apple-ը կարող է ժամանակավորապես վերսկսել ժամացույցների այս մոդելների վաճառքը։ Սակայն դեռ հայտնի չէ, թե ընկերությունը ինչ փոփոխություններ է կատարել այս խելացի ժամացույցում՝ պահանջներին համապատասխանելու համար։

Հիշեցնենք, որ վաճառքի արգելքը մտցվել էր Apple-ի և բժշկական սարքեր արտադրող Masimo-ի արտոնագրային վեճի կապակցությամբ, որը Apple-ին մեղադրում է արյան մեջ թթվածնի մակարդակը չափելու տեխնոլոգիայի արտոնագրերը խախտելու մեջ: ԱՄՆ Միջազգային առևտրի հանձնաժողովը ավելի վաղ որոշել էր արգելել Apple Watch-ի այս մոդելների վաճառքն ԱՄՆ-ում։ Այնուամենայնիվ, այս արգելքը չի ազդում բյուջետային Apple Watch SE մոդելի վաճառքի վրա, քանի որ այն չունի արյան թթվածնի մակարդակը չափելու գործառույթ։


 
 
 
 
  • Արխիվ