ԲՏԱ նախարարությունը և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

22 դեկտեմբերի, 2023  17:23

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի միջև դեկտեմբերի 21-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ համագործակցության վերաբերյալ, տեղեկացնում է ԲՏԱ նախարարությունը։

Հուշագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի զարգացման, հայկական ստարտափ ընկերությունների առաջխաղացման, արհեստական բանականության գործիքների տարածման և ներդրման հարցերում, կաջակցեն հիմնադրամի կողմից կազմակերպվող տեղական և միջազգային միջոցառումների, այդ թվում՝ «Սիսայդ Ստարտափ Սամմիթի» անցկացմանը։

«Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամը Հայաստանում գործող, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է նորարարությունների և տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված ինքնակայուն ստարտափ էկոհամակարգի զարգացմանը։

«Ստարտափ Արմենիա»  1.jpg (80 KB)

«Սիսայդ Ստարտափ Սամմիթ» նախագիծն անցկացվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Միջոցառման շրջանակում ձեռնարկատերերը հնարավորություն են ստանում հավաքվել մեկ հարկի տակ, մասնակցել տարբեր կրթական ծրագրերի, բարելավել իրենց նախագծերը, ներկայացնել դրանք տարբեր երկրներից ժամանած ներդրողներին և ներդրումային կազմակերպություններին։

«Սիսայդ Ստարտափ Սամմիթ» բիզնես ֆորումը 2024-ին կանցկացվի փետրվարի 23-29-ը Արաբական Միացյալ Էմիրություններուում։

Նախագծի իրականացման սկզբից մինչ օրս Հայաստանում՝ Սևանի ափին անցկացվել է հինգ, արտերկրում՝ չորս ֆորում։


 
 
 
 
  • Արխիվ