Ջրասուզակը գետի հատակին iPhone 12 է հայտնաբերել, որն այնտեղ եղել էր 3 ամիս. սմարթֆոնը միացել է և աշխատել

20 դեկտեմբերի, 2023  16:28

Հյուսիսային Կալիֆորնիայում ջրասուզակը գետի հատակին ամբողջությամբ ջրիմուռներով պատված iPhone 12 սմարթֆոն է գտել, որն այնտեղ եղել է երեք ամիս։ Միացնելուց հետո սմարթֆոնը նորմալ աշխատել է։

Գետի հատակից սարքը դուրս բերելուց հետո ջրասուզակը մաքրել է iPhone 12-ը և մի քանի օր թողել, որ չորանա։ Այնուհետև նա հեռախոսը դրել է լիցքավորման, ինչից հետո միացրել է այն, և սարքն աշխատել է։

Հեռախոս պաշտպանված չի եղել գաղտնաբառով, ուստի տղամարդը կարողացել է մուտք գործել հեռախոս և դիտել դրա պարունակությունը: Վերջին տեսանյութը նկարահանված է եղել iPhone 12-ի հայտնաբերումից երեք ամիս առաջ: Ջրասուզակը նախատեսում է գտնել սմարթֆոնի տիրոջը՝ կապ հաստատելով հեռախոսի կոնտակտների հետ:

Apple-ը նշում է, որ iPhone 12-ը և ավելի նոր մոդելներն ունեն IP69 պաշտպանություն՝ համաձայն IEC 60529 ստանդարտի, ինչը ենթադրում է, որ սարքը կարող է դիմանալ մինչև 6 մ խորության վրա մինչև 30 րոպե: Սմարթֆոնները նախատեսված չեն դրանցով ջրի տակ սուզվելու համար, սակայն որոշ դեպքերում դրանք բավականին դիմացկուն են:

iPhone 12-ում և ավելի ուշ մոդելներում ջրի և փոշու ներթափանցումը կանխում են միջադիրները, ինչի շնորհիվ ներքին բաղադրիչները մնում են անվնաս: Խնդիրներն առաջանում են, երբ միջադիրի պաշտպանիչ նյութը վնասվում է, սովորաբար ընկնելու, ջրում մի քանի անգամ հայտնվելու կամ գոլորշու ազդեցության հետևանքով:

Ավելի վաղ ԱՄՆ մի քաղաքացի իր Apple Watch Ultra խելացի ժամացույցը կորցրել էր լճում լողալու ժամանակ, այնուհետև գտել այն երեք ամիս անց, և պարզվել էր, որ սարքն աշխատում է։

Մեկ այլ դեպք էլ տեղի էր ունեցել ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Մեդիսոն քաղաքում, երբ ջրասուզակները լիճն աղբից մաքրելու ժամանակ iPhone հեռախոս էին հայտնաբերել։ Սարքը, որը գրեթե մեկ տարի եղել էր լճի հատակում, միացել էր և սկսել աշխատել։


 
 
 
 
  • Արխիվ