Apple Watch-ը շարունակել է աշխատել 3 ամիս լճի հատակին մնալուց հետո

24 հոկտեմբերի, 2023  16:19

ԱՄՆ մի քաղաքացի իր Apple Watch Ultra խելացի ժամացույցը կորցրել է լճում լողալու ժամանակ, այնուհետև գտել այն երեք ամիս անց, և պարզվել է, որ սարքն աշխատում է։ Այս մասին հայտնում է 9to5Mac-ը։

Ամիր Նուրանին ապրում է Լոս Անջելեսում։ Նա ժամացույցը կորցրել է Տեխասի Թրևիս լճում հանգստանալիս, որը հայտնի է իր ջրային բազմաթիվ տեսարժան վայրերով։ Apple Watch Ultra-ի սիլիկոնե ժապավենն արձակվել է, երբ Նուրանին սուզվելիս է եղել մոտ ինը մետր խորության վրա։ Նա անմիջապես նկատել է, որ ժամացույցը չկա, սակայն այն գտնելու փորձերն անհաջող են եղել։

«Ես նույնիսկ պրոֆեսիոնալ ջրասուզակ վարձեցի, սակայն նույնիսկ նա չկարողացավ գտնել ժամացույցը»,- ասել է Նուրանին:

Գրեթե համակերպվելով խելացի ժամացույցի կորստյան հետ՝ տղամարդն իր iPhone-ում ակտիվացրել է ֆունկցիան, որն ավտոմատ կերպով տեղեկացնում է ժամացույցը գտած անձին դրա սեփականատիրոջ մասին և օգնում գտնել իրական տիրոջը: Եվ հենց այդպես էլ եղել է։ Սակայն ոչ թե մի քանի օր հետո, ինչպես ակնկալում էր Նուրանին, այլ մի քանի ամիս։

«Երեք ամիս հետո ինձ զանգահարեցին և ասացին, որ գտել են ժամացույցը։ Եղբայրս կարողացավ հանդիպել ջրասուզակին ու վերցնել ժամացույցը»,- պատմել է Ամիր Նուրանին։

Նրա խոսքով՝ ժամացույցը պատված է եղել ցեխով ու տիղմով։ Լվանալուց հետո այն երկար ժամանակ չէր միանում, սակայն երկարաժամկետ լիցքավորումն օգնել է «վերակենդանացնել» սարքը։ Նուրանին շնորհակալություն է հայտնել Apple-ին ժամացույցը նախագծելիս ինժեներական լավ լուծումների համար։


 
 
 
 
  • Արխիվ