Ռուս ծրագրավորողները մշակել են նեյրոցանց, որը բացահայտում է Telegram-ի անանուն ալիքների տերերին

20 դեկտեմբերի, 2023  14:22

Ռուսաստանում ստեղծվել է նեյրոցանց, որը կարող է բացահայտել Telegram-ի անանուն ալիքների սեփականատերերին։ Արհեստական բանականության այս գործիքը, որը կոչվում է «Ընկեր մայոր» («Товарищ майор»,) ներքին փորձարկում է անցնում T.Hunter ընկերությունում, տեղեկացնում է ռուսական «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով Ազգային տեխնոլոգիական նախաձեռնության մամուլի ծառայությանը։

«Մշակվել է մեթոդների և տեխնիկայի բազային անթոլոգիա, որը մասնագետն օգտագործում է Telegram-ի ալիքն ուսումնասիրելիս, և այնուհետև այդ տեխնիկան ուսուցանվել է ծրագրին»,- պարբերականին տված հարցազրույցում ասել է T.Hunter-ի տեղեկատվական և վերլուծական հետազոտության բաժնի ղեկավարը Իգոր Բեդերովը։

Նա նշել է, որ այս գործընթացը ներառում է Telegram ալիքի ադմինիստրատորների մասին տեղեկությունների հավաքում ալիքի նկարագրությունից, արխիվացված պատճեններից, գրառումներից, ինչպես նաև հրապարակված ֆայլերի մետատվյալների ստացում։ Նեյրոցանցը կարող է անհրաժեշտ տեղեկություններ գտնել նաև հաղորդագրությունների ենթագրերում, ներկառուցված չատում, սթիքերների փաթեթներում, փաստաթղթերում և ալիքում վերբեռնված տեսանյութերում:

Իգոր Բեդերովը պարզաբանել է, որ նոր ծրագիրը կատարում է գործողություններ, որոնք կանի փորձագետը. այն վերլուծում է տվյալների արտահոսքը, դրանք համապատասխանեցնում օգտատիրոջ անվան կամ լուսանկարի հետ, սակայն դա անում է ավելի արագ և ավելի լավ, քան մարդը:

Հարցման ժամանակ նեյրոցանցը ցույց է տալիս տեղեկություններ բջջային հեռախոսների մասին, որոնք կապված են օգտվողի պրոֆիլի, հասցեի և այլ թվային հետքերի հետ, որոնք կարող են լինել վերլուծված բովանդակության մեջ: Բացի դրանից, նեյրոցանցը վերլուծում է այլ նույնացուցիչներ և նաև տվյալներ է ստանում համայնքներից սոցիալական ցանցերում, բլոգներում և կայքերում:

Բեդերովի խոսքով՝ արհեստական ​​բանականությունը հիմնված է ամենատարածված տեքստային նեյրոցանցերից մեկի վրա, որն աշխատում է T.Hunter սերվերների վրա։ Այն օգտագործելու համար գրվել է Telegram բոտ ծրագրային ապահովման հետ փոխգործակցությունը պարզեցնելու համար:

Նա նաև նշել է, որ նեյրոցանցի երկրորդ գործառույթը իրավաբանական անձանց նույնականացման համարով ստուգելն է։

Ընկերությունը հայտնել է նաև, որ ծրագրի ամբողջական տարբերակի թողարկումը նախատեսվում է 2024-2025 թվականներին։ Այն նախատեսված է պետական ​​կամ մասնավոր կազմակերպությունների համար, որոնք հետաքննում են անանուն Telegram համայնքների հետ կապված կիբեռհանցագործությունները։


 
 
 
 
  • Արխիվ