Կարո՞ղ են արդյոք նոր Android հեռախոսներն ավելի հզոր լինել, քան iPhone 14 Pro-ն

21 սեպտեմբերի, 2022  10:38

Վերջերս թողարկված iPhone 14 Pro-ն մինչ օրս ամենահզոր սմարթֆոններից մեկն է համարվում։ Կարծիք կա, սակայն, որ նոր Android հեռախոսները, որոնք կթողարկվեն 2023-ի սկզբին, կարող են ավելի հզոր եւ ավելի լավը լինել։

Ավելի բարձր կատարողականությո՞ւն

2022-ի ֆլագմանային շատ Android հեռախոսներ օգտագործում են Qualcomm-ի Snapdragon 8 Gen 1 չիպսեթները (կամ Plus թարմացում): Այս չիպսեթի նոր տարբերակը, որը, ըստ լուրերի, ապահովում է ավելի լավ կատարողականություն, կարող է թողարկվել մինչև այս տարվա վերջ, և այն կգործարկի Android-ի շատ նոր ֆլագման մոդելներ:

Վկայակոչելով Digital Chat Station-ի իրազեկ աղբյուրին՝ Android Central-ը հայտնում է, որ Snapdragon 8 Gen 2-ը «գերհաճախականության տարբերակ» կունենա, որը կարող է աշխատել մինչեւ 3.4-3.5 ԳՀց հաճախականությամբ (ներկայիս տարբերակն աշխատում է 3.2 ԳՀց հաճախականությամբ): Կատարողականի ավելի մեծ առավելությունն են սպասվում նաեւ գրաֆիկական հնարավորությունների տեսանկյունից. ակնկալվում է, որ այն շատ ավելի բարձր կլինի, քան այն ամենը, ինչ Apple-ի՝ նոր iPhone 14 Pro-ում եւ iPhone 14 Pro Max-ում տեղադրված A16 Bionic չիպը կարող է առաջարկել:

Qualcomm Snapdragon 8 Gen 2

Քանի որ A16 Bionic չիպն իրականում իսկապես բարձր կատարողականություն ունի, դեռ դժվար է ասել՝ արդյո՞ք Snapdragon 8 Gen 2-ով սմարթֆոններն իսկապես ավելի զիլ կլինեն: Նաեւ պետք չէ մոռանալ, որ սմարթֆոնի կատարողականությունը կախված է բազմաթիվ գործոններից՝ ոչ միայն չիպսեթի մաքուր արագությունից. կարեւոր դեր են խաղում նաեւ ծրագրի կոդը, հասանելի օպերատիվ հիշողության ծավալը եւ պատշաճ ջերմային կառավարումը:

Ո՞ր սմարթֆոններն են աշխատելու Snapdragon 8 Gen 2-ով

Եթե արագ հայացք նետենք Snapdragon 8 Gen 1-ով հեռախոսներին, ապա կարող ենք գուշակել, թե որ սարքերը կարող են ստանալ դրա իրավահաջորդին. Samsung Galaxy S22, Samsung Galaxy Z Fold 4, Xiaomi 12 Pro, OnePlus 10 Pro, Sony Xperia 1 IV եւ շատ այլ հեռախոսներ։

Snapdragon 8 Gen 2-ը ստանալու հերթում առաջիններից մեկը կարող է լինել OnePlus 11-ը: Ակնկալվում է, որ հեռախոսը կթողարկվի 2023-ի սկզբին, եւ դրա բոլոր բնութագրերը կհամապատասխանեն Qualcomm-ի նոր բարձրորակ պրոցեսորին:

OnePlus 11

Samsung Galaxy S23-ը եւս պետք է թողարկվի 2023-ի սկզբին: Ըստ լուրերի՝ բոլոր տարածաշրջաններում այդ սմարթֆոնը հիմնված կլինի Snapdragon 8 Gen 2-ի վրա։

Samsung Galaxy S23 Ultra

Qualcomm-ը Snapdragon Summit-ը նախատեսվել է անցկացնել նոյեմբերի 15-17-ը, եւ միջոցառման ընթացքում մենք ամեն ինչ կիմանանք հաջորդ սերնդի չիպսեթի եւ այն մասին, թե ինչի է այն իրականում ընդունակ: Այնուհետեւ մեզ համար ավելի պարզ կդառնա, թե ինչպես նոր չիպսեթը կազդի Android-ի ֆլագմանների արագության վրա 2023-ին։ Երբ OnePlus 11-ը եւ Samsung Galaxy S23-ը դուրս գան, մենք, վերջապես, կկարողանանք դրանք համեմատել iPhone 14 Pro-ի հետ եւ պարզել՝ արդյո՞ք դրանք իսկապես լուրջ առավելություններ ունեն Apple-ի ֆլագմանի նկատմամբ:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ