Wildberries-ը տեսակոնֆերանսների և վեբինարների սեփական ծառայությունն է մշակել

8 դեկտեմբերի, 2023  22:24

Wildberries առցանց առևտրի հարթակը մշակել է տեսակոնֆերանսների և վեբինարների համար նախատեսված իր սեփական ծառայությունը՝ WB Stream-ը, այս մասին ռուսական Ведомости պարբերականին ասել է ընկերության ներկայացուցիչը: Նախագծում ներդրումների չափը չի բացահայտվում։ WB Stream-ի ամբողջական գործարկումը նախատեսված է 2024-ին, սակայն այժմ արդեն այն ​​կարելի է փորձարկել վեբ տարբերակում կամ iOS-ի ու Android-ի համար առանձին հավելվածում։

Այժմ ծառայությանը կարող է միաժամանակ միանալ մինչև 5000 օգտատեր։ WB Stream-ը ստեղծվել է ընկերության կարիքների համար՝ որպես այլընտրանք արևմտյան հայտնի մշակումներին, սակայն ապագայում ծառայությանը հասանելիություն կտրամադրվի բոլոր օգտատերերին։ Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ Wildberries-ը չի նախատեսում գովազդ ցուցադրել այս ծառայությունում։ Բացի դրանից, այն կլինի անվճար։

Ծառայությունը թույլ է տալիս շփվել վիդեո և աուդիո ձևաչափով, չատում հաղորդագրություններ փոխանակել, հանդիպման մասնակիցներին ցուցադրել սարքի էկրանի բովանդակությունը, ձայնագրել առցանց հանդիպումը և այլն: Այն օգտագործելու համար դեռևս պարտադիր գրանցում Wildberries-ի կայքում չի պահանջվում: Ծառայությունը ենթադրում է և՛ կոնֆերանսի ռեժիմ՝ բոլոր մասնակիցների համար հավասար իրավունքներով, և՛ վեբինարի ռեժիմ, երբ ադմինիստրատորն ունի ընդլայնված իրավունքներ (նա կարող է մյուս մասնակիցներին տրամադրել մուտք դեպի վիդեո և աուդիո ձայնագրություններ և այլն):

Պարբերականի աղբյուրն ասել է, որ դատելով հրապարակված տարբերակից՝ Wildberries-ի մշակումը դիտարկչի ամենապարզ լուծում է, որը հիմնված է բաց կոդով WebRTC (դիտարկիչների միջև հոսքային տվյալների փոխանցումը կազմակերպելու տեխնոլոգիա) կամ Jitsi տեխնոլոգիաների վրա (թույլ է տալիս կատարել տեսազանգեր և ապահովում է ֆայլերի փոխանցումը): Ըստ նրա՝ 5000 օգտատիրոջ միաժամանակյա միացման հնարավորությունը չափազանց ցածր է տեսածառայությունների համար։

Wildberries-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել WB Stream-ում WebRTC և Jitsi տեխնոլոգիաների օգտագործման մասին տեղեկությունը։ Ծառայությունը նախատեսում է մեծացնել օգտատերերի միաժամանակ միանալու հնարավորությունները, նշել է նա։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ