Տարօրինակ խնդիր Instagram-ում․ կորել է հին տեսանյութերի ձայնը

6 դեկտեմբերի, 2023  10:19

Instagram սոցիալական ցանցի հին տեսանյութերից շատերի ձայնը կորել է. այդ տեսանյութերը նվագարկել փորձելու ժամանակ հայտնվում է ծանուցում, որ «տեսանյութը ձայն չունի»:

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ ձայնն անհետացել է Instagram-ում 2013-ի հունիսից (երբ ներդրվեց տեսանյութերի աջակցությունը) մինչև 2014-ի հոկտեմբերը ավելացված տեսանյութերում։ Հետաքրքիր է, որ խնդիրը կապված չէ օգտատերերի սարքերի հետ. այս տեսանյութերում ձայն չկա և՛ համակարգչով, և՛ սմարթֆոնով դիտելիս: Խնդիրը, ըստ երևույթին, վերաբերում է տվյալ ժամանակահատվածում հրապարակված բոլոր տեսանյութերին, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ պատճառը հարթակում առաջացած անսարքությունն է, այլ ոչ թե հեղինակային իրավունքի խնդիրը։

Instagram-ի հին օգտատերերի համար իրենց տեսանյութերում ձայնի անհետացումը կարող է լուրջ խնդիր և կորուստ լինել, քանի որ շատերն այս սոցիալական ցանցն օգտագործում են իրենց կյանքի կարևոր պահերի հիշողությունները պահելու համար, և ձայնը կարևոր դեր է խաղում մթնոլորտը փոխանցելու հարցում:

Հարկ է նշել, որ հին տեսանյութերում ձայնն սկսել է անհետանալ առնվազն մի քանի ամիս առաջ․ արդեն այս տարվա մայիսին և հունիսին օգտատերերը սկսել էին բողոքել այս խնդրից։ Instagram-ի սեփականատեր Meta Platforms-ը հայտարարել է, որ աշխատում է խնդիրը շտկելու ուղղությամբ, սակայն խնդրի լուծման պատճառի կամ ժամկետի մասին տեղեկություն չի տրամադրել: Meta-ի ներկայացուցիչ Սեյն Քիմը ներողություն է խնդրել անհարմարությունների համար՝ հավելելով, որ «հարցը լուծվում է»։


 
 
 
 
  • Արխիվ