Meizu-ն ներկայացրել է նոր սմարթֆոն՝ ներկառուցված նեյրոցանցով, Snapdragon 8 Gen 3 չիպով և 200 ՄՊ տեսախցիկով

1 դեկտեմբերի, 2023  16:12

Meizu ընկերությունը Չինաստանում անցկացրել 2023 Autumn Unbounded խորագրով շնորհանդես, որի ժամանակ ներկայացրել է մի շարք նոր սարքեր, այդ թվում Meizu 21 ֆլագման սմարթֆոնը: Սարքը հիմնականում պահպանել է իր նախորդի՝ Meizu 20-ի դիզայնը, որը թողարկվել է այս տարվա մարտին, սակայն ստացել է մի շարք ապարատային թարմացումներ: Նոր արտադրանքը համալրված է Snapdragon 8 Gen 3-ով, ավելի հզոր տեսախցիկով և ավելի տարողունակ մարտկոցով։

Meizu 21-ը համալրված է Samsung Display-ի 6,55 դյույմանոց հարթ OLED էկրանով՝ FHD+ կետայնությամբ (2340 × 1080 պիքսել) և մինչև 120 Հց թարմացման արագությամբ։ Էկրանը ապահովում է HDR10+ տեխնոլոգիա, PWM պայծառության կառավարում 1920 Հց հաճախականությամբ և DCI-P3 գունային տարածության 100% ծածկույթով։ Պայծառության առավելագույն մակարդակը 1800 քդ/մ2 է:

Meizu 21  1.jpg (132 KB)

Իր նախորդի պես նորույթը ևս ունի երեք տեսախցիկից բաղկացած համակարգ։Հիմնական մոդուլը 200 ՄՊ Samsung ISOCELL HP3 սենսոր է (S5KHP3, 1/1,4 դյույմ օպտիկական ձևաչափով) օպտիկական պատկերի կայունացմամբ ու f/1.69 բացվածքով, ինչպես նաև 13 ՄՊ լայնանկյուն մոդուլ և 5 ՄՊ խորության սենսոր: Առկա է նաև օղակաձև լուսադիոդային ֆլեշ, որի գույնը հնարավոր է փոխել։ Առջևի տեսախցիկի լուծաչափը 32 մեգապիքսել է։

Սմարթֆոնն աշխատում է Qualcomm Snapdragon 8 Gen 3 պրոցեսորով՝ համակցված մինչև 12 ԳԲ LPDDR5x օպերատիվ և մինչև 512 ԳԲ ներկառուցված հիշողությամբ։ 4800 մԱ/ժ հզորությամբ մարտկոցն աջակցում է 80 Վտ արագ լիցքավորում: Սմարթֆոնը հագեցած է երկու ստերեո բարձրախոսներով, էկրանի տակ գտնվող մատնահետքի սկաներով, Wi-Fi 7 և Bluetooth 5.4 անլար ադապտերներով և NFC չիպով։ Սարքն ունի խոնավությունից և փոշուց պաշտպանություն՝ IP54 ստանդարտին համապատասխան։

Meizu 21  2.jpg (233 KB)

Meizu 21-ն առաքվում է Android 13-ի վրա հիմնված Flyme 10.5-ով՝ ներկառուցված նեյրոցանցով և արհեստական բանականությամբ աշխատող օգնականով: Նորույթն ունի նաև արտադրողի ավտոմեքենաների համար նախատեսված սեփական տեղեկատվական ժամանցային համակարգի՝ Flyme Auto-ի ինտեգրացիա:

Meizu 21 սմարթֆոնը Չինաստանում վաճառքի կհանվի դեկտեմբերի 5-ից՝ սև, մանուշակագույն, կանաչ և սպիտակ տարբերակներով։ Գինն սկսվում է 3399 յուանից (մոտ 480 դոլար) 8/256 ԳԲ հիշողությամբ տարբերակի համար, իսկ 12/512 ԳԲ տարբերակը՝ 3999 յուան ​​(մոտ 565 դոլար): Meizu-ն հայտարարել է, որ Meizu 21 սմարթֆոնը կունենա երկարացված՝ 36 ամիս երաշխիք:


 
 
 
 
  • Արխիվ