Համացանցում հայտնվել են Chrome-ի և Safari-ի կեղծ թարմացումներ. դրանք կարող են գողանալ բանկային տվյալները Apple-ի համակարգիչներից

23 նոյեմբերի, 2023  14:15

Համացանցում հայտնվել են Apple-ի համակարգիչների համար նախատեսված Chrome և Safari բրաուզերների կեղծ թարմացումներ։ Դրանք պարունակում են Atomic macOS Stealer (AMOC) վիրուս, որը հաքերներին թույլ է տալիս գողանալ օգտատերերի բանկային տվյալներն ու գաղտնաբառերը։

Ինչպես տեղեկացնում է 9to5Mac-ը՝ այս վիրուսն առաջին անգամ նկատվել է 2023-ի գարնանը, և լուրջ սպառնալիք է ներկայացնում Mac համակարգիչների օգտատերերի անվտանգությանը։

Հարձակվողներն այժմ սկսել են խելացի մարտավարություն կիրառել՝ քողարկելով չարամիտ ծրագրերը որպես Safari և Chrome բրաուզերի թարմացումներ: ClearFake անվանումն ստացած հարձակման սխեման խաբում է օգտատերերին Google Search-ի գովազդի միջոցով՝ առաջարկելով ներբեռնել բրաուզերի թարմացումը: Երբ օգտատերը համաձայնում է տեղադրել «թարմացումը», նրա սարքի վրա տեղադրվում է AMOS վիրուսը, որն էլ սկսում է գողանալ գաղտնի տվյալները:

Ինչպե՞ս խուսափել այս և նմանատիպ այլ վիրուսների հետ կապված խնդիրներից:

Կիբեռանվտանգության ոլորտի մասնագետները խորհուրդ են տալիս նախևառաջ չներբեռնել հավելվածներն ու դրանց թարմացումները ոչ վստահելի աղբյուրներից։ Պաշտոնական աղբյուրից ինչ-որ բան ներբեռնելիս խնդիրներ հանդիպելու հավանականությունը, իհարկե, հեռու է զրոյական լինելուց, բայց զգալիորեն ցածր է, քան անհայտ կայքից որևէ բան ներբեռնելու դեպքում:

Խորհուրդ է տրվում նաև թույլ չտալ, որ հավելվածները շրջանցեն macOS GateKeeper-ի պաշտպանությունը, եթե այդպիսի հաղորդագրություններ են հայտնվում էկրանին, և լրացուցիչ պաշտպանության համար օգտագործել հակավիրուսային ծրագրեր:


 
 
 
 
  • Արխիվ