ChatGPT-ն ձայնային ֆունկցիա է ստացել. այժմ չատբոտի հետ հնարավոր է խոսել և ստանալ բանավոր պատասխաններ

22 նոյեմբերի, 2023  14:00

Արհեստական բանականությամբ աշխատող հանրահայտ ChatGPT չատբոտի ֆունկցիոնալությունն ընդլայնվել է. ձայնային ֆունկցիան, որը նախկինում հասանելի էր միայն ծառայության վճարովի օգտատերերին, այժմ հասանելի է նրանց համար, ովքեր օգտագործում են GPT-3.5 անվճար տարբերակը։ Այժմ բոլոր օգտվողները կարող են ChatGPT-ի հետ շփվել գրեթե այնպես, ինչպես իրական մարդու հետ և առանց սմարթֆոնի էկրանին նայելու անհրաժեշտության:

Հիշեցնենք, որ ձայնային ֆունկցիան առաջին անգամ ներդրվել է սեպտեմբերին՝ վճարովի օգտատերերի շրջանում, սակայն այժմ այն ​​հասանելի է բոլորին։ Գործառույթը հիմնված է տեքստը խոսքի վերածող առաջադեմ մոդելի վրա, որը թույլ է տալիս բնական խոսք ստեղծել տեքստի և ձայնի նմուշներից: OpenAI-ը համագործակցել է պրոֆեսիոնալների հետ՝ մշակելու եզակի ձայներ, որոնք հնչեցնում են չատբոտի տված պատասխանները: Տեխնոլոգիան ներառում է նաև խոսքի ճանաչման Whisper համակարգը, որը թույլ է տալիս օգտատիրոջ բանավոր խոսքը վերածել տեքստի։

Ձայնային գործառույթն օգտագործելու համար օգտատերերը պետք է իրենց սարքում տեղադրեն ChatGPT բջջային հավելվածը Google Play Store-ից կամ Apple App Store-ից և անցնեն գրանցման գործընթացը: Ձայնային երկխոսությունն ակտիվացվում է հավելվածում համապատասխան կարգավորմամբ: Օգտատերերը կարող են ընտրել իրենց ամենաշատ հավանած ձայնը և սկսել զրույց՝ սեղմելով ականջակալների պատկերով կոճակը։

Այս թարմացումն ապահովում է ChatGPT-ի հետ շփվելու ավելի բնական և ինտուիտիվ միջոց՝ ընդլայնելով դրա ներուժը հետազոտության, տվյալների վերլուծության և մի շարք խնդիրների լուծման համար:

NEWS.am Tech-ի թղթակիցներն արդեն փորձարկել են չատբոտի նոր հնարավորությունները և համոզված են, որ այժմ դրա հետ իսկապես կարելի է շփվել այնպես, ասես հեռախոսով խոսում ես մարդու հետ։ Չատբոտը լավ է ճանաչում անգլերեն խոսքը, և նրա պատասխանները միանգամայն բնական են հնչում։ 


 
 
 
 
  • Արխիվ