Ի՞նչ անել, որպեսզի սմարթֆոնը չփչանա ցրտից

20 նոյեմբերի, 2023  10:25

Ցածր, ինչպես նաև բարձր ջերմաստիճանը կարող է բացասաբար ազդել սմարթֆոնի աշխատանքի վրա։ Ի՞նչ կարելի է անել, որպեսզի ձեր սմարթֆոնն աշխատի ցուրտ եղանակին: «Ռոսկաչեստվո»-ի մասնագետներին վկայակոչելով՝ «Газета.Ru»-ն մի քանի խորհուրդ է ներկայացնում։

  1. Սարքը տա՛ք պահեք։ Դրսում եղած ժամանակ աշխատեք սմարթֆոնը պահել գրպանում: Եթե ​անհրաժեշտ է զանգահարել, ապա ավելի լավ է օգտագործել Bluetooth ականջակալ, որպեսզի սարքի շփումը ցրտի հետ նվազագույնի հասցնեք։

  2. Օգտագործե՛ք ջերմային պատյան։ Ցրտի հետևանքով էկրանը և հեռախոսի մյուս մասերն ավելի փխրուն են դառնում: Ջերմային պատյանի օգտագործումը կստեղծի ջերմամեկուսացում, բացի դրանից, պատյանը թույլ չի տա, որ հեռախոսը վնասվի հարվածների կամ ընկնելու ժամանակ: Կարող եք նաև օգտագործել պատյաններ՝ պատրաստված տարբեր նյութերից, օրինակ՝ գործվածքից, տրիկոտաժից, թավշից կամ սինթետիկ ծածկույթից։

  3. Սահմանափակե՛ք սարքի օգտագործումը։ Զրոյից ցածր ջերմաստիճանի դեպքում ձեր սմարթֆոնը կամ պլանշետը կարող է դանդաղ աշխատել և արագ սպառել մարտկոցի լիցքը: Նման պայմաններում սարքը պետք է օգտագործել հնարավորինս քիչ, քանի որ դրանք իրենց հարմարավետ են զգում 0°C-ից բարձր ջերմաստիճանի դեպքում: Եթե սարքը չափից ավելի երկար ժամանակ թողնեք ցածր ջերմաստիճանի պայմաններում, որոշ դեպքերում այն ​​կարող է ընդհանրապես անջատվել:

  4. Խուսափե’ք սառը ավտոմեքենաներից: Սարքը մի՛ թողեք սառը ավտոմեքենայի մեջ, քանի որ սառը պայմաններում երկար մնալու դեպքում սարքի բաղադրիչները կարող են վնասվել:

  5. Տաք միջավայր վերադառնալուց հետո սարքը տաքացրե՛ք աստիճանաբար։  Սառը միջավայրից տաք սենյակ մտնելիս պետք է հնարավորություն տալ, որպեսզի սարքն աստիճանաբար «հարմարվի» սենյակային ջերմաստիճանին: Չի՛ կարելի արագ տաքացնել սմարթֆոնը մարտկոցի կամ ջերմության այլ աղբյուրների վրա, դա կարող է հանգեցնել սարքի ներսում կոնդենսացիայի ձևավորման, իսկ որոշ դեպքերում՝ ավելի լուրջ հետևանքների:

 
 
 
 
  • Արխիվ