OpenAI-ն աշխատում է GPT-5-ի վրա. ի՞նչ հնարավորություն կունենա նոր նեյրոցանցը

14 նոյեմբերի, 2023  12:29

OpenAI-ն աշխատում է GPT-5-ի՝ արհեստական ​​բանականության իր մոդելի հաջորդ սերնդի ստեղծման վրա: Financial Times-ին տված հարցազրույցում այս տեղեկությունը պաշտոնապես հաստատել է ընկերության գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը։

Նրա խոսքով՝ մշակողները նոր մոդելը ուսուցանում են ոչ միայն համացանցից հանրությանը հասանելի տվյալների, այլև OpenAI-ի հետ համագործակցող խոշոր ՏՏ ընկերությունների ներքին տվյալների բազաների վրա։ Ակնկալվում է, որ GPT-5-ը զգալիորեն ավելի զարգացած կլինի, քան իր նախորդը՝ GPT-4-ը: Փոփոխություններն այնքան նշանակալից կլինեն, որ Ալթմանը չի համարձակվում նույնիսկ կանխատեսել, թե կոնկրետ ինչի ընդունակ կլինի նոր նեյրոցանցը։ Նախկինում OpenAI-ի ղեկավարը խոստացել էր ստեղծել արհեստական բանականություն, որը հաղորդակցության և մտավոր վերլուծության իր ունակություններով չի զիջում մարդուն։ Հավանաբար, նոր GPT-5-ը հենց այդպիսին կլինի:

GPT-5-ը, ըստ Սեմ Ալթմանի, առնվազն կլինի շատ ավելի բարդ և բազմակողմանի մոդել՝ համեմատած նախորդ տարբերակների հետ և կունենա մի շարք նոր հնարավորություններ և հմտություններ։

«Քանի դեռ մենք չենք սկսել մարզել այս մոդելին, դա մեզ համար գուշակություն անելու պես զվարճալի խաղ է: Մենք փորձում ենք ավելի լավը դառնալ, քանի որ անվտանգության տեսանկյունից կարևոր է կանխատեսել դրա հնարավորությունները։ Ես չեմ կարող ասել, թե GPT-5-ը կոնկրետ ինչ կկարողանա անել, ինչը չի արել GPT-4-ը»,- ասել է Ալթմանը:

Միաժամանակ, Ալթմանը չի նշել GPT-5-ի թողարկման կոնկրետ ժամկետները։

Հիշեցնենք, որ OpenAI-ը նոր GPT-4 մոդելը ներկայացրել է 2023-ի մարտի 14-ին։ Իսկ հունիսին ընկերության ղեկավարն ասել էր, որ GPT-5 ուսուցման աշխատանքները դեռ չեն սկսվել: Արհեստական ​բանականության արագ առաջընթացի վերաբերյալ հանրային մտահոգությունների պատճառով ընկերությունը որոշել էր անորոշ ժամանակով դադարեցնել GPT-4-ին փոխարինելու եկող նեյրոցանցի ստեղծման աշխատանքները:

Օգոստոսին, սակայն, OpenAI-ը GPT-5 ապրանքանիշը գրանցելու հայտ ներկայացրեց ԱՄՆ-ում՝ Microsoft-ի աջակցությամբ: Իսկ նոյեմբերի 7-ին ընկերությունը ներկայացրեց GPT-4 Turbo մոդելը, որը ChatGPT-ի ավելի հզոր տարբերակն է, որի բազան թարմացվել է մինչև 2023-ի ապրիլը (մինչդեռ ChatGPT բազան ներառումը է մինչև 2021-ը)։


 
 
 
 
  • Արխիվ