Երկար սպասված հնարավորություն. Windows 11-ը թույլ կտա ջնջել ներկառուցված ավելորդ ծրագրերը

13 նոյեմբերի, 2023  18:11

Windows 11 օպերացիոն համակարգի օգտատերերին հնարավորություն կտրվի հեռացնել ներկառուցված հավելվածներն ու ծրագրերը, որոնք իրենց պետք չեն։ WindowsLatest կայքի տվյալներով՝ Windows 11-ի ծրագրավորողների բետա տարբերակում (23585 համարով) հայտնաբերվել է Photos և Camera հավելվածները ջնջելու գործառույթ։

Ավելի վաղ Microsoft-ը Windows 11-ից արդեն հեռացրել էր այնպիսի հավելվածներ, ինչպիսիք են Movies & TV-ն և Maps-ը: Ակնկալվում է, որ հետագայում թողարկվելիք տարբերակներում Tips, WordPad և Cortana հավելվածները նույնպես կհեռացվեն, սակայն այս փոփոխությունների կոնկրետ ժամկետներ չեն հայտարարվել:

Փորձագետները կարծում են, որ Microsoft-ը նպատակ ունի օգտատերերին ավելի շատ հնարավորություններ տալ չօգտագործվող հավելվածները հեռացնելու համար, ինչն իր հերթին կարող է բարելավել համակարգի աշխատանքի արդյունավետությունը։ Օգտատերերի համար, որոնք չեն օգտագործում այդ բոլոր հավելվածները, սա հիանալի նորություն է:

Հիշեցնենք, որ 2023-ի ամռանը Microsoft-ը պաշտոնապես դադարեցրեց Windows 10 և 11 օպերացիոն համակարգերում Cortana ձայնային օգնականի աջակցությունը։ Այս տարի հայտարարվեց նաև, որ Windows 11-ում կհայտնվի նոր ներկառուցված օգնական՝ Copilot-ը, որը հիմնված է արհեստական բանականությամբ աշխատող GPT-4-ի վրա։


 
 
 
 
  • Արխիվ