Windows 11-ը նոր գործառույթ ունի, որին բոլորը շատ երկար էին սպասում

18 օգոստոսի, 2023  12:20

Microsoft-ի Windows 11 օպերացիոն համակարգի օգտատերերն այժմ լրացուցիչ ազատություն ունեն․ նրանք կարող են հեռացնել բազմաթիվ նախապես տեղադրված հավելվածներ, այդ թվում՝ Camera-ն և Cortana-ն։

Ինչպես նշում է The Verge-ը, այս գործառույթը ներկայումս հասանելի է Windows 11-ի թեստային տարբերակներից մեկի օգտատերերին՝ որպես Windows Insider ծրագրի մի մաս:

Microsoft-ը Windows 11-ի հետ տրամադրում է մեծ քանակի, այսպես կոչված, նախապես տեղադրված հավելվածներ: Նախկինում դրանք անհնար էր հեռացնել, սակայն այժմ ավելանում է այդ հավելվածների թիվը, որոնք կարելի է անվճար հեռացնել։ Եվ շատ օգտատերերի սա կուրախացնի. եթե հավելվածը երբեք չի օգտագործվում, ինչո՞ւ այն թողնել համակարգչում: Նույնիսկ եթե այս հավելվածները շատ տեղ չեն զբաղեցնում, դրանք հեռացնելու հնարավորությանը շատերն էին սպասում։

Նոր տարբերակում օգտատերերը կարող են հեռացնել այնպիսի ստանդարտ հավելվածներ, ինչպիսիք են Camera-ն, Cortana-ն, Photos-ը, People-ը և Remote Desktop-ը։

Ակնկալվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում այս գործառույթը կներդրվի Windows 11-ի բոլոր օգտատերերի համար:

Պարբերականի համաձայն՝ Windows 11-ի հաջորդ խոշոր թարմացումը նախատեսված է սեպտեմբերին։ Այս թարմացումը, ըստ The Verge-ի, կընդլայնի ստանդարտ հավելվածները հեռացնելու հնարավորությունը Microsoft օպերացիոն համակարգի բոլոր օգտատերերի համար։ Նաև սեպտեմբերյան թարմացմամբ կներկայացվի RAR և 7-Zip ֆայլերի ներկառուցված աջակցություն, ինչը օպերացիոն համակարգին լրացուցիչ բազմակողմանիություն կտա:


 
 
 
 
  • Արխիվ