Հայտնի է 2023-ի հոկտեմբերի վերջի դրությամբ աշխարհի ամենահզոր Android սմարթֆոնը

3 նոյեմբերի, 2023  16:17

Սմարթֆոնների և այլ սարքերի աշխատանքի վերլուծությամբ զբաղվող AnTuTu կայքի 2023-ի հոկտեմբերի ամենահզոր սմարթֆոնների վարկանիշը գլխավորել է նոր առաջատար Xiaomi 14 սմարթֆոնը։

Snapdragon 8 Gen3 պրոցեսորով, 16 ԳԲ օպերատիվ և 512 ԳԲ ներկառուցված հիշողությամբ Xiaomi 14 մոդելը հավաքել է 1,997,427 միավոր, նույն պրոցեսորով և հիշողության նույն տվյալներով Xiaomi 14 Pro մոդելը երկրորդ տեղն է զբաղեցրել 1,985,014 միավորով:

Ինչպես տեղեկացնում է Sparrows News-ը, վարկանիշում երրորդ տեղը զբաղեցրել է Snapdragon 8 Gen2 պրոցեսորով, 24 ԳԲ օպերատիվ և 1 ՏԲ ներկառուցված հիշողություն ունեցող OnePlus Ace 2 Pro սմարթֆոնը, որը հավաքել է 1,663,507 միավոր։ Նախկինում այս սարքը համարվում էր աշխարհի ամենահզոր սմարթֆոնը։

Վարկանիշային աղյուսակի հաջորդ տեղերում են iQOO 11S-ը (1,650,842 միավոր), iQOO 11 Pro-ն (1,633,169 միավոր), Vivo X90 Pro+-ը (1,624,675 միավոր), Realme GT5 240W-ն (1,621,188 միավոր) և Oppo Find X6 Pro-ը (1,591,832 միավոր):

Xiaomi-ի առաջատար սմարթֆոնները, ինչպես հաղորդում է պարբերականը, զգալիորեն առաջ են անցել իրենց ամենամոտ մրցակիցներից՝ ունենալով մոտ 300,000 միավորի առավելություն։ Դա պայմանավորված է նրանով, որ դրանք ներկայումս միակ սմարթֆոններն են, որոնք ստացել են Qualcomm-ի վերջին պրոցեսորները:


 
 
 
 
  • Արխիվ