ԱԲ-ը կկործանի՞ բոլորիս․ ի՞նչ է քննարկվել ԱԲ-ի անվտանգ օգտագործման 1-ին միջազգային գագաթնաժողովի ժամանակ

2 նոյեմբերի, 2023  12:01

Շուրջ 100 հայտնի փորձագետներ և բարձրաստիճան հյուրեր են մասնակցում արհեստական ​բանականության (ԱԲ) անվտանգ կիրառմանը նվիրված գագաթնաժողովին, որը նոյեմբերի 1-2-ն անցկացվում է Լոնդոնի մերձակայքում գտնվող Բաքինգհեմշիրի Բլետչլի այգում: Միջոցառման նպատակն է հասկանալ, թե ինչ ռիսկեր է իր հետ բերում ԱԲ-ն և ինչպես կարելի է դրանք կառավարել։

Գագաթնաժողովի մասնակիցների թվում են ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, SpaceX-ի, Tesla-ի և X սոցիալական ցանցի (նախկին Twitter) սեփականատեր Իլոն Մասկը, Microsoft-ի նախագահ Բրեդ Սմիթը, Google DeepMind-ի գործադիր տնօրեն Դեմիս Հասաբիսը, ինչպես նաև Սեմ Ալթմանը՝ հանրահայտ ChatGPT չատբոտն ստեղծած Open AI ընկերության գործադիր տնօրենը։

Գագաթնաժողովի վայրը պատահաբար չի ընտրվել. Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հենց Բլետչլի այգում է գործել վերծանման կենտրոնը, և հենց այստեղ էր, որ Ալան Թյուրինգի թիմին հաջողվել է բացահայտել գաղտնագրման գերմանական մեքենաների կողմից օգտագործվող Enigma կոդի գաղտնիքը:

Կարո՞ղ է ԱԲ-ն կենսաբանական զենք ստեղծել և ոչնչացնել բոլորիս

Արհեստական ​բանականությունը կարող է կենսաբանական զենք ստեղծել, որը կարող է վտանգի տակ դնել միլիոնավոր մարդկանց կյանքը։ Գագաթնաժողովի ժամանակ նման կարծիք է հայտնել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։

«ԱԲ-ն կարող է ոչ միայն օգուտ բերել, այլև ահռելի վնաս՝ սկսած ԱԲ-ի կիրառմամբ կիբեռհարձակումներից, որոնց մասշտաբները գերազանցում են այն ամենը, ինչ մենք նախկինում տեսել ենք, մինչև ԱԲ-ի ստեղծած կենսաբանական զենքեր, որոնք կարող են վտանգել միլիոնավոր մարդկանց կյանքը: Այս սպառնալիքները հաճախ անվանում են ԱԲ-ի գոյաբանական սպառնալիքներ, քանի որ դրանք կարող են սպառնալ հենց մարդկության գոյությանը»,- ասել է նա:

ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ այդ սպառնալիքները լայնածավալ են և պահանջում են «գործողություն գլոբալ մակարդակում», որը նպատակաուղղված կլինի վերլուծելու և վերացնելու ԱԲ-ի հետ կապված բոլոր ռիսկերը՝ ինչպես ամբողջ մարդկության, այնպես էլ անհատների և բնակչության խոցելի խմբերի համար։

ԱՄՆ-ը, կարծես, իսկապես մտահոգված է ԱԲ-ի հետ կապված հնարավոր ռիսկերով: Նախագահ Ջո Բայդենը վերջերս հրամանագիր է ստորագրել, որն ԱԲ-ի լուրջ մոդելներ մշակողներից պահանջում է ամերիկյան իշխանություններին տրամադրել անվտանգության թեստավորման արդյունքները։

ԱԲ-ի զարգացումը չպետք է գերազանցի դրա կարգավորումը

ԱԲ տեխնոլոգիաները չպետք է զարգանան ավելի արագ, քան դրանց կարգավորման կանոններն են մշակվում։ Գագաթնաժողովի ժամանակ նման կարծիք է հայտնել Հնդկաստանի Էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով պետնախարար Ռաջև Չանդրասեխարը։

«Վերջին 10-15 տարիների ընթացքում մենք հասկացանք, որ երբ թույլ ենք տալիս, որ տեխնոլոգիան գերազանցի իր կարգավորումները, մենք ինքներս մեզ ենթարկում ենք թունավորման և ապատեղեկատվության, որը տարածվում է համացանցում սոցիալական ցանցերի միջոցով: Մենք կարծում ենք, որ թվային հարթակները պետք է հաշվետու լինեն օրենքի առաջ և ապահովեն իրենց օգտատերերի անվտանգությունը»,- ասաց նա։

Ըստ նրա՝ ԱԲ-ը շատ նոր հնարավորություններ է բացում մարդկության համար, սակայն նման արագ զարգացող տեխնոլոգիաներն ունեն նաև բացասական կողմեր։

«Մենք պետք է ԱԲ-ին նայենք թափանցիկության, անվտանգության, վստահության և պատասխանատվության պրիզմայով: Մենք կարծում ենք, որ ապագայում ԱԲ-ը պետք է օգտագործվի միայն բոլոր երկրների քաղաքացիների շահերի և բարգավաճման համար»,- ասել է Չանդրասեխարը:

Ապոկալիպսիս՝ ըստ Մասկի

Նման թեմայով գագաթնաժողովը չէր կարող տեղի ունենալ առանց Իլոն Մասկի ներկայության։ Միջոցառման նախօրեին նա հերթական անգամ նախազգուշացրել էր, որ ԱԲ-ը կարող է հանգեցնել մարդկության ոչնչացմանը։ Նույն միտքը նա հնչեցրել է գագաթնաժողովի ժամանակ։

Ըստ նրա՝ ԱԲ-ը մարդկության համար ամենալուրջ սպառնալիքներից մեկն է՝ ամենաիրական «գոյաբանական ռիսկը»:

«Առաջին անգամ մենք բախվում ենք մի իրավիճակի, երբ ունենք մի բան, որը շատ ավելի խելացի կլինի, քան ամենախելացի մարդը: Անհասկանալի է, թե արդյոք մենք կարող ենք վերահսկել այն, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է ձգտենք [տեխնոլոգիան] ուղղորդել այն ուղղությամբ, որն օգուտ կբերի մարդկությանը»,- ասել է Մասկը:  

Նախկինում Մասկը բազմիցս անդրադարձել է ԱԲ-ի զարգացման հետ կապված ռիսկերին։

«Զրոյից բարձր որոշակի հավանականություն կա, որ ԱԲ-ն կսպանի մեզ բոլորիս»,- ասել էր նա:

Մասկը նաև ԱԲ-ի հետազոտողների և գործարարների թվում էր, որոնք պահանջում էին դադարեցնել GPT-4-ից ավելի հզոր նեյրոնային ցանցերի զարգացումը:

Հարկ է նշել, սակայն, որ ապրիլին Մասկը գրանցեց X.AI անունով ընկերություն, որը, ըստ նրա, կմշակի իր սեփական՝ TruthGPT կոչվող ԱԲ չատբոտը՝ որպես այլընտրանք «կողմնակալ» ChatGPT-ին:

Արդեն այսօր առավել իրական ռիսկեր կան

Գագաթնաժողովի ընթացքում հնչել են շատ ավելի հանգիստ և զուսպ հայտարարություններ. օրինակ՝ շատ փորձագետներ նշել են, որ պետք է ձեռնպահ մնալ ապագայում անհավանական սպառնալիքների մասին շահարկումներից և կենտրոնանալ այն հնարավոր ռիսկերի վրա, որոնք այսօր արդեն ներկայացնում է ԱԲ-ը։ Օրինակ՝ ԱԲ-ն արդեն իսկ շատ իրական վտանգ է ներկայացնում որոշ մասնագիտությունների համար։ Բացի դրանից, ուսուցման ընթացքում այն իսկապես կարող է կողմնակալ դառնալ:

Ինչպես նշել է Միացյալ Թագավորության թվային տեխնոլոգիաների հարցերով նախարար Միշել Դոնելանը, համաշխարհային առաջնորդները պետք է աշխատեն միասին՝ «արձագանքելու սոցիալ-տեխնիկական մարտահրավերին, որը դուրս է գալիս ազգային սահմաններից»: Նա ասել է, որ ԱԲ-ի վրա հիմնված մոդելները «կարող են մարդկանց ազատել հոգնեցուցիչ աշխատանքից և ընդլայնել ստեղծագործական հնարավորությունները», բայց դրանք կարող են նաև օգտագործվել  չար նպատակներով՝ խաթարելու հանրային վստահությունը և այլն:

Հիշեցնենք, որ գագաթնաժողովի ընթացքում 28 երկրներ ընդունել են ԱԲ-ի անվտանգ օգտագործման վերաբերյալ Բլետչլիի հռչակագիրը։


 
 
 
 
  • Արխիվ