Ինչո՞ւ են նոր Xiaomi 14 սմարթֆոնները գերտաքանում և արժե՞ անհանգստանալ

1 նոյեմբերի, 2023  12:30

Նոր Xiaomi 14 և 14 Pro սմարթֆոնները բավականին շատ են տաքանում. սա նկատել են այցելուներն այն խանութների, որոնց ցուցափեղկերին հայտնվել են ֆլագմանային նոր սմարթֆոնները: Xiaomi Group-ի նախագահ և Redmi ապրանքանիշի գլխավոր մենեջեր Լու Վեյբինգն ասում է, որ անհանգստանալու կարիք չկա։

Ինչպես տեղեկացնում է չինական MyDrivers պարբերականը՝ Վեյբինգն իր մեկնաբանություններում նշել է, որ խանութների ցուցափեղկերին գտնվող սմարթֆոններն աշխատում են օրերով, էկրանը միշտ միացված է, իսկ սմարթֆոններն անընդհատ լիցքավորվում են։ Նման ծանրաբեռնվածության պարագայում, ըստ նրա, սարքերի գերտաքացումն անխուսափելի է։ Այնուամենայնիվ, նորմալ աշխատանքային պայմաններում Xiaomi 14-ի ներկառուցված հովացման համակարգն ի վիճակի է արդյունավետորեն հաղթահարել ջերմային ծանրաբեռնվածությունը։

MyDrivers-ը նաև նշում է, որ գերտաքացման խնդրի վերաբերյալ Xiaomi-ի գլխավոր մենեջերի վարկածը համոզիչ է թվում՝ հաշվի առնելով չինական շուկայում Xiaomi 14 և 14 Pro նոր մոդելների նկատմամբ զգալի հետաքրքրությունը: Այս սմարթֆոնների ցուցափեղկերի մոտ երկար հերթերի վերաբերյալ որոշ օգտատերերի դժգոհությունները հաստատում են, որ դրանք իսկապես մեծ պահանջարկ ունեն:

Նոր սմարթֆոնների մեծ պահանջարկի մասին վկայում են նաև Չինաստանի չորս հիմնական հարթակների՝ Tmall-ի, JD.com-ի, Douyin-ի և Kuaishou-ի մասին տեղեկությունները: Լրատվամիջոցների տվյալներով՝ Xiaomi 14-ը և Xiaomi 14 Pro-ն հաշված ժամերի ընթացքում դարձել են Չինաստանում 2023-ի ամենավաճառվող սմարթֆոնները։


 
 
 
 
  • Արխիվ