Առաջին փոփոխությունները Twitter-ում. նոր գլխավոր էջ և բարձրացված ամսավճար վերիֆիկացված էջերի համար

31 հոկտեմբերի, 2022  14:31

Իլոն Մասկը ժամանակ չի կորցնում. 44 մլրդ դոլարով Twitter-ը ձեռք բերելուց հետո 24 ժամ չանցած՝ նա որոշել է փոխել սոցցանցի գլխավոր էջը: Եվ սա միակ փոփոխությունը չէ. խոսակցություններ կան, որ սոցցանցը կարող է բարձրացնել նաև ստուգված և վերիֆիկացված էջերի ամսավճարը։

Twitter-ի գլխավոր էջի փոփոխությունը

Twitter-ի նոր ղեկավարը («Chief Twit») դառնալուց հետո Մասկը ցանկացել է, որ օգտատերերը իրենց էջից դուրս գալուց հետո (log out) վերաուղղորդվեն դեպի Explore էջ, որտեղ կարող են տեսնել թրենդային թվիթներն ու նորությունները: Նախկինում, երբ այցելում էինք Twitter-ի գլխավոր էջ, համակարգից դուրս գալիս երեւում էր միայն գրանցման ձևը, որը խրախուսում էր ստեղծել հաշիվ՝ թվիթները դիտելու համար:

Մասկի գաղափարը կյանքի կոչելու համար պահանջվել է ընկերության փոխնախագահի ներգրավումը, որպեսզի չեղարկվի հոկտեմբերի 27-ին ներդրված կոդի սառեցումը: Դա արվել էր նրա համար, որ աշխատակիցները չկարողանան փոփոխություններ կատարել ծրագրային կոդում՝ ընկերության կլանման ընթացքում:

Twitter-ի աշխատակիցները, որոնք ցանկացել են անանուն մնալ, ասել են, որ նախկինում գլխավոր էջի տեսքը փոխելու որոշումը կքննարկվեր շաբաթներ շարունակ։ Հիմա դա արվեց հաշված ժամերի ընթացքում։

Թվիթերի հաստատված էջերի ամսական վճարների ավելացում

The Verge-ը, վկայակոչելով սեփական աղբյուրները, հայտնում է, որ Twitter-ը նախատեսում է վերիֆիկացված էջերի ամսավճարը հասցնել ամսական 19,99 դոլարի։

Ըստ հրապարակման՝ Իլոն Մասկը պատվիրել է փոխել Twitter Blue տարբերակը, որն արժե ամսական 4,99 դոլար և վերիֆիկացված օգտատերերին հասանելիություն է տալիս լրացուցիչ ֆունկցիաների: Այժմ նրանք ստիպված են լինելու ամսական ավելի շատ վճարել։ Եթե 90 օրվա ընթացքում նրանք չգրանցվեն նոր բաժանորդագրության համար, կկորցնեն իրենց կապույտ նշանը, որը ցույց է տալիս, որ նրանք վերիֆիկացված օգտատեր են:

Կիրակի Twitter-ի որոշ աշխատակիցների տեղեկացրել են, որ նրանք պետք է գործարկեն նոր գործառույթը մինչև նոյեմբերի 7-ը, հակառակ դեպքում կազատվեն աշխատանքից։

Ավելի վաղ Twitter-ի իր էջում Մասկը հայտնել էր, որ վերիֆիկացիայի ողջ գործընթացը ներկայումս վերանայվում է, սակայն մանրամասներ չէր հայտնել։

Այլ փոփոխություններ Twitter-ում

Ավելի վաղ ասվում էր, որ Մասկը նախատեսում է կրճատել ընկերության աշխատակիցների երեք քառորդը, օպտիմալացնել ընկերության՝ իր կարծիքով ուռճացված ՏՏ ենթակառուցվածքը և զգալիորեն նվազեցնել դրա ծախսերը։ Սակայն անձամբ Մասկը, գնման գործարքի նախօրեին այցելելով ընկերության գլխամասային գրասենյակ, խոստացել է չհեռացնել աշխատակիցների 75%-ին։ Այնուամենայնիվ, առաջին օրը նա աշխատանքից ազատել է Twitter-ի գործադիր տնօրեն Պարագ Ագրավալին, ֆինանսական տնօրեն Նեդ Սեգալին և իրավական քաղաքականության, վստահության և անվտանգության բաժնի ղեկավար Վիջայա Գադեին:

Մասկը նաև վերջերս հարցում է հրապարակել, թե արդյոք պետք է վերադարձնել Vine հավելվածը, որը թույլ է տալիս ստեղծել կարճ` վեց վայրկյանանոց տեսանյութեր: Ընդամենը մի քանի ժամում հարցմանը մասնակցել է ավելի քան 2,2 միլիոն օգտատեր, իսկ մեծամասնությունը քվեարկել է ծառայության վերադարձի օգտին, որը փակվել է 2016 թ․։

Ինչ վերաբերում է այլ փոփոխություններին, սպասվում է, որ Twitter-ը կդադարեցնի օգտատերերի մշտական ​​արգելափակումը։ Մասկը նախատեսում է ստեղծել հատուկ խորհուրդ, որը կուսումնասիրի մոդերացիայի հարցը։

Նաեւ նշվում է, որ Մասկը ծրագրում է Twitter-ի հենքի վրա ստեղծել սուպերհավելված, որը նման է չինական WeChat-ին, որը ունիվերսալ ծառայություն է եւ միավորում է Facebook-ի, Twitter-ի, Instagram-ի, Substack-ի և Uber-ի հնարավորությունները: Ինքը՝ Մասկը, իր գաղափարը, որը պայմանականորեն կոչվում է «X», անվանում է «հավելված ամեն ինչի համար»։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ