Honor-ը ներկայացրել է Honor Magic 6 ֆլագմանային սմարթֆոնը, որը կառավարվում է հայացքով

26 հոկտեմբերի, 2023  21:19

Հոկտեմբերի 26-ին Qualcomm Snapdragon 2023 գագաթնաժողովի ժամանակ  Honor ընկերությունը ներկայացրել է իր նոր ֆլագմանային սմարթֆոնը՝ Magic 6-ը, որի հիմնական առանձնահատկությունն այն է, որ կառավարվում է հայացքի միջոցով։

Honor-ի գործադիր տնօրեն Ջորջ Չժաոն ցուցադրել է Magic Capsule կոչվող նոր տեխնոլոգիան, որը թույլ է տալիս հեռախոսը կառավարել՝ հետևելով օգտատիրոջ աչքերին։ Նոր գործառույթի միջոցով հնարավոր է բացել հավելվածները, փոխել դիտման ուղղությունը և կառավարել սարքի տարբեր գործառույթներ։

Բացի դրանից, Honor Magic 6-ը կունենա վիրտուալ օգնական, որը կօգտագործի Qualcomm-ի արհեստական բանականության համակարգը։ Օգնականը կարող է սարքի վրա վերամշակել և խմբագրել տեսանյութը և տրված պարամետրերի հիման վրա կարճ տեսանյութեր ստեղծել։

Սմարթֆոնն աշխատում է առաջատար Qualcomm Snapdragon 8 Gen 3 SoC պրոցեսորով: Honor-ի ներկայացուցիչները դեռ չեն հայտնել Honor Magic 6-ի թողարկման ճշգրիտ ամսաթիվը, սակայն Qualcomm-ը հայտարարել է, որ իրենց ֆլագմանային նոր պլատֆորմով աշխատող հեռախոսները կհայտնվեն առաջիկա շաբաթներին։


 
 
 
 
  • Արխիվ