Արժեքը՝ $1 մլրդ. լրագրողները բացահայտել են Apple-ի գաղտնի նախագիծը

24 հոկտեմբերի, 2023  18:22

Մոտ ապագայում Apple-ը մոտ 1 մլրդ դոլար կծախսի իր սարքերում ChatGPT-ի սեփական անալոգի մշակման և ներդրման վրա։ Գեներատիվ արհեստական բանականությամբ աշխատող նեյրոցանցը կկոչվի Ajax։ Այս մասին ասել է Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը։

Նրա խոսքով՝ ստորաբաժանումը, որը պատասխանատու է ԱԲ զարգացման և ինտեգրման համար, գլխավորում են Ջոն Ջանանդրեան, Քրեյգ Ֆեդերիգին և Էդդի Քյուն։ Այս նախագծում առաջատար դեր է խաղում Ջոն Ջանանդրեան, քանի որ նրա թիմն է ստեղծում արհեստական բանականության հիմնական տեխնոլոգիաները, ինչպես նաև արդիականացնում Siri-ն՝ նեյրոնային ցանցի հետ փոխգործակցության համար:

Քրեյգ Ֆեդերիգիի թիմը պատասխանատու է ընտրված արհեստական բանականության գործառույթները iOS հաջորդ տարբերակում ինտեգրելու համար: Էդդի Քյուի խումբն աշխատում է արհեստական բանականություն iOS հավելվածներում ավելացնելու վրա, ինչպիսիք են Apple Music-ը, Pages-ը, Keynote-ը և այլն:

Գուրմանը գրում է, որ ներկայումս Apple-ում քննարկումներ են ընթանում այն ​​մասին, թե ինչպես կարելի է արհեստական բանականությունը կիրառել սարքերում, արդյոք կօգտագործվեն ամպային հաշվարկներ, թե մշակումը կկատարեն սմարթֆոնների, պլանշետների և համակարգիչների ստանդարտ պրոցեսորները:

Լրագրողը չի բացառում, որ ի վերջո ծրագրավորողներն ընդհանուր հայտարարի կգան հիբրիդային սցենարի շուրջ, այսինքն՝ որոշ առաջադրանքներ կկատարվեն հենց սարքերի, իսկ մյուսները՝ հեռավոր սերվերի վրա։

Bloomberg-ը հայտնում է, որ Apple-ին անակնկալի են բերել Microsoft-ի և ChatGPT-ի, ինչպես նաև Google-ի և Bard-ի հաջողությունները ԱԲ մշակման ոլորտում։ Ընկերությունը մեծ սխալ է համարում այն, որ ժամանակին չեն կարողացել արձագանքել արագ զարգացող միտումին։


 
 
 
 
  • Արխիվ