«Եկեք միասին մշակենք լուծումներ». Երևանում ընթանում է Silicon Mountains ամենամյա 5-րդ գագաթնաժողովը

17 հոկտեմբերի, 2023  12:34

Երեւանում ընթանում է Silicon Mountains 2023 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը` նվիրված խելացի երկրի մարտահրավերներին։

Արդեն հինգերորդ անգամ անցկացվող միջոցառման կազմակերպիչն է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, որը շարունակում է մեկ հարթակում միավորել տեխնոլոգիական ոլորտի տեղական եւ միջազգային փորձագետներին, պետական, մասնավոր, հասարակական ոլորտների ներկայացուցիչներին՝ քննարկելու 4-րդ արդյունաբերական հեղափոխության տեսլականը, մարտահրավերները, տեխնոլոգիական անխուսափելի ապագան եւ դրանից բխող ռիսկերն ու հնարավորությունները: 

photo_2023-10-17_10-53-53.jpg (172 KB)

Պանելային քննարկումների ժամանակ, որոնք նվիրված են խելացի երկիր, խելացի բիզնես և խելացի քաղաքացի թեմաներին, ոլորտային ղեկավարները (decision maker), տեղական և միջազգային փորձագետները, Հայաստանի, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի պաշտոնյանները կկիսվեն Խելացի երկիր ստեղծելու իրենց փորձով, տեսլականով և մարտահրավերներով։

photo_2023-10-17_10-53-56.jpg (221 KB)

Տեղեկատվության եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ ամեն տարի գագաթնաժողովը կազմակերպելիս կանգնում են հարցի առաջ՝ կազմակերպել այն, թե՞ չեղարկել եւ պատճառը աշխարհաքաղաքական իրավիճակներն են. «Մեզ շրջապատող աշխարհը փոփոխվում է աննախադեպ արագությամբ եւ մեր երկիրը բացառություն չէ: Մենք ականատես ենք լինում բազում փոփոխությունների եւ բախվում բազմաթիվ մարտահրավերների: տարեցտարի պարզ է դառնում, որ SILICON MOUNTAINS-ը ոչ միայն գագաթնաժողով է, այլ նշանակալից իրադարձություն մեր երկրի զարգացման  համար: 

photo_2023-10-17_13-27-47.jpg (165 KB)

Այս համատեքստում շատ է կիրառվում «խելացի» տերմինը: Խելացի լինելու տիրույթում է, որ երկրները ցուցադրում են իրենց մրցակցային առավելությունները, որպես ազգ, որպես պետություն, որպես գործարար, որպես անհատ: Մենք պետք է գիտակցենք, որ երկրի ամենաարժեքավոր ռեսուրսը մարդն է: 

Խելացին այն երկիրն է, որն ադապտացնում է, յուրացնում  եւ օգտագործում է տեխնոլոգիաները խոչընդոտներ ահղթահարելու եւ նոր հնարավորություններ ստեղծելու համար: Խելացի բիզնեսը  ես վերագրում եմ այն ընկերություններին, որոնք  պատրաստակամ են եւ ընդունում են թվային փոխակերպումները: Խելացի բիզնեսները ճկուն են, հաճախորդակենտրոն եւ անընդհատ ուղիներ են փնտրում կազմակերպվելու եւ արդյունաբերությունը բարելավելու համար:

photo_2023-10-17_13-26-51.jpg (135 KB)

Խելացի քաղաքացին այն անհատն է, ով ոչ միայն տիրապետում է տեխնոլոգիաներին, այլ նաեւ ներգրավված է, տեղեկացված ու գիտակից: Խոսքն այն անհատների մասին է, որոնք ակտիվորեն մասնակցում են իրենց համայնքների ձեւավորմանը, որոնք օգտագործում են տեխնոլոգիաները հանուն բարօրության»,-ասաց նա:

Մուսայելյանը նաեւ հավելեց. «Այսօր գագաթնաժողովի ավարտից հետո, երբ դուրս գաք այս դահլիճից, լիահույս ենք, որ ձեզ հետ կտանեք ոչ միայն միջոցառման ընթացքում հնչեցրած կարծիքներ եւ  ոգեշնչող պատմություններ, այլ նաեւ հանձնառությունը, որը ենթադրում է լինել ավելի նորարար ու ավելի նպատակասլաց: Եկեք միասին մշակենք լուծումներ, ստեղծենք  գորընկերային հարաբերություններ եւ կերտենք ապագա մեր երկրի ու աշխարհի համար»:

Նշենք, որ այս գագաթնաժողովի ընթացքում, վաղը՝ հոկտեմբերի 18-ին տեղի կունենա Բարձր տեխնոլոգիական ոլորտում հմաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի շնորհման արարողությունը: Այս տարի հանձնվում է 2022- մրցանակը, որի դափնեկիր է դարձել Adobe ընկերության գործադիր տնօրեն Շանթանու Նարայեն:

Այսօր Նարայեն հանդես եկավ շնորհանդեսով:

photo_2023-10-17_12-19-14.jpg (173 KB)

Գագաթնաժողովի պլատինե գործընկերն է Ucom-ը՝ Հայաստանի հեռահաղորդակցության խոշորագույն ընկերություններից մեկը։ Գործընկերներն են՝ Adobe, Synopsys, HPE, Visa, Viasphere Technopark և Unicomp ընկերությունները:


 
 
 
 
  • Արխիվ