Հնդկական լուսնագնացն ավարտել է 14-օրյա գիտական ​​ծրագիրը և բերվել քնի ռեժիմի․ նրան կարթնացնեն հաջորդ լուսնային օրը

4 սեպտեմբերի, 2023  10:11

Հնդկական Pragyan լուսնագնացը, որը տիեզերական առաջին սարքն է, որ վայրէջք է կատարել Լուսնի հարավային բևեռում, ավարտել է հետազոտությունների և փորձերի երկշաբաթյա ծրագիրը, որից հետո այն բերվել է քնի ռեժիմի, հայտնել է Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO):

«Լուսնագնացն ավարտել է իր առաջադրանքները: Այն այժմ ապահով կայանված է և բերվել է քնի ռեժիմի»,- ասվում է X սոցցանցում (նախկինում՝ Twitter) ISRO-ի էջում արված հրապարակման մեջ:

«Ներկայումս մարտկոցը լրիվ լիցքավորված է։ Արևային պանելը թեքված է այնպես, որ Արևի լույս ստանա հաջորդ արևածագի ժամանակ, որն սպասվում է 2023-ի սեպտեմբերի 22-ին: Ընդունիչը մնում է միացված»,- ասել են հնդկական տիեզերական գործակալությունից՝ հույս հայտնելով, որ ռովերին հնարավոր կլինի հաջողությամբ արթնացնել հետագա փորձարկումների համար։

Pragyan լուսնագնացը Լուսնի մակերևույթ է հասցվել օգոստոսի 23-ին հնդկական Chandrayan-3 առաքելության շրջանակում Vikram վայրէջքի մոդուլի վրա․ այն անվանվել է հայտնի գիտնական Վիկրամ Սարաբհայի անունով, որը համարվում է հնդկական տիեզերագնացության հայրը:

ISRO-ի ղեկավարի խոսքով՝ Լուսնի վրա գտնվելու ընթացքում Pragyan-ը 100 մ տարածք է անցել։ Հետազոտության ընթացքում լուսնագնացը հայտնաբերել է ծծումբ, ալյումին, երկաթ, կալցիում, քրոմ, տիտան, մանգան, թթվածին և սիլիցիում։

Օգոստոսի 23-ին հնդկական լուսնագնացն ուղարկել էր Լուսնի մակերեսի առաջին լուսանկարը, ն է ուղարկել Երկիր, իսկ օգոստոսի 28-ին Pragyan-ն ուղարկել էր առաջին տվյալները, որոնք փոխում են Լուսնի հարավային բևեռի մասին պատկերացումները։


 
 
 
 
  • Արխիվ