Pragyan-ն առաջին տվյալներն է ուղարկել, որոնք փոխում են Լուսնի հարավային բևեռի մասին պատկերացումները

28 օգոստոսի, 2023  12:23

Հնդկական Pragyan լուսնագնացը Երկիր է ուղարկել առաջին գիտական ​​տվյալները, որոնք շատ առումներով փոխում են Լուսնի հարավային բևեռի մասին պատկերացումները, այս մասին X-ի (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում հայտնել է Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO):

«ChaSTE (Chandra Surface Thermophysical Experiment) չափում է լուսնային հողի վերին շերտի ջերմաստիճանը բևեռի շուրջ՝ հասկանալու համար լուսնային մակերեսի ջերմաստիճանի ռեժիմը»,- ասվում է ISRO-ի հայտարարությունում: Սարքը հագեցած է ջերմաստիճանի տվիչով, որի մեխանիզմը կարող է չափել լուսնային հողի ջերմաստիճանը մինչև 10 սմ խորության վրա։

Գրառման մեջ նաև ներկայացված է ջերմաստիճանի գրաֆիկ: «Ներկայացված գրաֆիկը ցույց է տալիս լուսնային մակերեսի/մերձմակերևութային շերտի ջերմաստիճանի փոփոխությունները տարբեր խորություններում, որոնք արձանագրվել են զոնդի ներթափանցման ժամանակ։ Սա Լուսնի հարավային բևեռի առաջին նման պրոֆիլն է»,- ISRO-ն:

ISRO-ի աշխատակից Բի Դարուկեշան Press Trust of India-ին ասել է, որ ստացված տվյալներն անսպասելի էին փորձագետների համար: «Մենք բոլորս կարծում էինք, որ մակերևույթի ջերմաստիճանը կարող է լինել 20-ից 30 աստիճան Ցելսիուս, բայց այն 70 աստիճան է: Սա զարմանալիորեն ավելի բարձր է, քան մենք սպասում էինք»,- գիտնականի խոսքերն է մեջբերում գործակալությունը։

Chandrayaan-3 լուսնային առաքելությունը, որի շրջանակում Pragyan-ը հասցվել է Լուսին, մեկնարկել է հուլիսի 14-ին Սատիշ Դավանանի անվան Տիեզերական կենտրոնից: Օգոստոսի սկզբին Հնդկաստանի տիեզերական գործակալությունը հայտարարեց, որ կայանը դուրս է բերել Լուսնի ուղեծիր: Օգոստոսի 23-ին Chandrayaan-3-ը փափուկ վայրէջք է կատարել քիչ ուսումնասիրված Հարավային բևեռի տարածաշրջանում, որտեղ, ինչպես ենթադրում են գիտնականները, կան ջրային սառույցի պաշարներ: Նույն վայրում ռուսական «Լունա-25» կայանը նախապես պլանավորել էր վայրէջք կատարել Լուսնի վրա, սակայն այն ձախողվել էր։

Chandrayan-3 առաքելության լուսնագնացը Լուսնի հարավային բևեռում կաշխատի մոտ մեկ լուսնային օր (մոտ 14 երկրային օր): Սարքը ուսումնասիրում է Լուսնի հողը և տեղագրությունը, ինչպես նաև փնտրում է տեկտոնական ակտիվության հետքեր: Առայժմ միայն ԱՄՆ-ին, ԽՍՀՄ-ին և Չինաստանին է հաջողվել փափուկ վայրէջք կատարել Լուսնի վրա։ Այսպիսով, Հնդկաստանը դարձել է չորրորդ տերությունը, որի ստեղծած սարքը կարողացավ փափուկ վայրէջք կատարել Լուսնի վրա:

Օգոստոսի 24-ին հնդկական լուսնագնացը Լուսնի մակերեսի առաջին լուսանկարն էր ուղարկել Երկիր, ավելի ուշ Հնդկաստանը ցուցադրել էր, թե ինչպես է Pragyan սարքն իջնում Լուսնի մակերես։


 
 
 
 
  • Արխիվ