Ո՞ր երկրներն ունեն Լուսնի ուսումնասիրության ծրագիր

16 օգոստոսի, 2023  20:19

Լուսնի ակտիվ ուսումնասիրությունը շարունակում է մնալ բազմաթիվ երկրների ուշադրության կենտրոնում, որոնցից յուրաքանչյուրը ձգտում է բացահայտել Երկրի արբանյակի գաղտնիքները և յուրացնել դրա պոտենցիալ ռեսուրսները։ Լուսնային ծրագրերի առաջատար մասնակիցների թվում են ԱՄՆ-ը, Չինաստանը և Հնդկաստանը։ Ռուսաստանը վերջերս է միացել այս մրցավազքին։

ԱՄՆ

ԱՄՆ-ը իրականացնում է Artemis հավակնոտ ծրագիրը, որի նպատակն է Լուսնի վրա ստեղծել մշտական ​​բնակելի համայնք, որն ամուր հիմք կդառնա Մարսի հետազոտության պլանների համար: Առաջին փուլում պլանավորվում են անօդաչու և օդաչուավոր թռիչքներ Լուսնի շուրջը, ինչից հետո տիեզերագնացները վայրէջք կկատարեն դրա մակերեսին։ Այնուհետև նախատեսվում է կանոնավոր թռիչքներ սկսել դեպի Լուսին և տեղակայել անհրաժեշտ ենթակառուցվածքներ։ 2028-ից ծրագրվում է Lunar Gateway լուսնային բազայի կառուցումը, և առաջիկա 15 տարիների ընթացքում տիեզերագնացներն արդեն կհայտնվեն Լուսնի վրա։

Տիեզերք արձակումների համար NASA-ն օգտագործում է գերծանր SLS հրթիռը, իսկ դեպի Լուսին առաքելությունների համար՝ Orion տիեզերանավը: Artemis ծրագրի անձնակազմով մեկնարկը նախատեսված է 2024-ի նոյեմբերին։ Ծրագրին մասնակցում են նաև այլ երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Ճապոնիան և Ավստրալիան:

Չինաստան

Չինաստանը վերջին տարիներին զգալիորեն մեծացրել է տիեզերական հետազոտության իր հավակնությունները: Վերջերս այս երկիրը Լուսին ուղարկեց Chang'e զոնդերի շարք և ավարտեց իր սեփական տիեզերակայանի՝ Tiangong-ի (թարգմանաբար՝ «Երկնային պալատ») շինարարությունը։

Ծրագրերի համաձայն՝ մինչև 2028-ը Չինաստանը նախատեսում է Լուսնի վրա ինքնակառավարվող բազա տեղակայել, իսկ մինչև 2030-ը՝ արդեն մարդիկ վայրէջք կկատարեն Լուսնի վրա։ Ենթադրվում է, որ գիտական ​​հետազոտությունների նպատատակով կիրառվելիք լուսնագնացը կղեկավարեն երկու տիեզերագնաց։ Բացի դրանից, Չինաստանը և Ռուսաստանը պայմանավորվել են համագործակցել լուսնային կայանի ստեղծման հարցում, որի տեղակայումը պլանավորվում է իրականացնել մինչև 2035-ը։

Հնդկաստան

Հնդկական տիեզերական ծրագիրը նույնպես ակտիվորեն մասնակցում Լուսնի ուսումնասիրմանը: Օգոստոսի սկզբին Հնդկաստանը Լուսնի ուղեծիր դուրս բերեց Chandrayaan-3 ինքնակառավարվող տիեզերակայանը, որը պետք է ուսումնասիրի Լուսնի Հարավային բևեռը: Կայանը ներառում է Vikram վայրէջքի մոդուլը և Pragyaan լուսնագնաց ռովերը, որոնք կուսումնասիրեն արբանյակի մակերեսը՝ ներառյալ հողային շերտը, խառնարանները և տեկտոնական ակտիվության հետքերը:

Դրա նախորդ՝ Chandrayaan-2 առաքելությունը մասամբ էր հաջող իրականացվել, սակայն երկիրը ապագայի համար հավակնոտ ծրագրեր ունի, այդ թվում՝ համատեղ առաքելություններ Ճապոնիայի հետ:

Ռուսաստան

Ռուսաստանը վերջերս գործարկեց «Լունա-25» («Луна-25») միջմոլորակային ինքնակառավարվող կայանը, որը նշանավորում է երկրի վերադարձը լուսնային հետազոտությանը մոտ 50 տարվա ընդմիջումից հետո: Առաքելությունը, որն ի սկզբանե նախատեսված էր 2015-ին, մի քանի անգամ հետաձգվել է:

«Վոստոչնի» տիեզերակայանից արձակման համար օգտագործվել է «Սոյուզ-2.1բ» («Союз-2.1б») հրթիռը «Ֆրեգատ» («Фрегат») երկրորդ աստիճանի հետ, որը պետք է «Լունա-25»-ը հասցնի ենթաօրբիտալ հետագիծ, իսկ հետո՝ դեպի լուսնային հետագիծ:

Վայրէջքային մոդուլը պետք է վայրէջք կատարի Լուսնի հարավային բևեռի մոտ այնտեղ հետազոտություն անցկացնելու և լուսնային էվոլյուցիայի և ռեսուրսների գաղտնիքները բացահայտելու համար: Առաքելությունը նաև ձգտում է ճանապարհ հարթել Լուսնի ապագա հետազոտության և հնարավոր ռեսուրսների, հատկապես հազվագյուտ հողային մետաղների արդյունահանման համար՝ օգտագործելով լուսնային բևեռային լանդշաֆտի յուրահատուկ պայմանները:


 
 
 
 
  • Արխիվ