Պատմական տիեզերական առաքելություն. հնդկական Chandrayaan-3-ը թռչում է Լուսին, առաջին նկարները պատրաստ են

8 օգոստոսի, 2023  10:15

Հնդկական Chandrayaan-3 («Չանդրայան-3») տիեզերանավը լուսնի ուղեծիր է մտել օգոստոսի 5-ին և արդեն ուղարկել է Լուսնի մակերևույթի առաջին նկարները։ Օգոստոսի 23-ին մեր մոլորակի արբանյակի մակերես կհասնեն վայրէջքի մոդուլն ու ռովերը։ Հաջողության դեպքում Հնդկաստանը կդառնա առաջին երկիրը, որը վերահսկվող «փափուկ վայրէջք» կկատարի Լուսնի հարավային բևեռի մոտ, հայտնում է BBC լրատվական գործակալությունը։

Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպության (ISRO) մասնագետները հայտարարել են, որ Chandrayaan-3 բոլոր համակարգերն աշխատում են նորմալ ռեժիմով։ Նշենք, որ հնդիկ մասնագետներն արդեն երրորդ անգամ հաջողությամբ տիեզերանավ են դուրս բերել լուսնի ուղեծիր։

Ճանապարհը դեպի այս կետը երկար ու բանուկ է եղել։ Առաջին լուսնային կայանի առաքելությունը՝ Chandrayaan-1-ը, հաջողությամբ գործարկվել է 2008 թվականին։ Երկրորդը՝ Chandrayaan-2-ը, գործարկվել է 2019 թվականին. դրա շրջանակում նաև պլանավորում էր Pragyaan լուսնագնացը հասցնել լուսնի մակերես՝ օգտագործելով Vikram վայրէջքի մոդուլը, սակայն առաքելության այդ մասը ձախողվեց:

Isro-ի ղեկավար Սրիդարա Պանիկեր Սոմանաթն ասել է, որ Հնդկաստանի տիեզերական գործակալությունը ուսումնասիրել է վթարի տվյալները և սիմուլյացիոն վարժանքներ է անցկացրել՝ 3900 կգ քաշով և մոտ 75 միլիոն դոլար արժողությամբ Chandrayaan-3-ի դեպքում նման վթարները կանխարգելելու համար: Վայրէջքի մոդուլը (ISRO-ի հիմնադիրի անունով այն կոչվել է Վիկրամ) կշռում է մոտ 1500 կգ և, ինչպես նախորդ առաքելության ժամանակ, կրում է 26 կիլոգրամանոց Pragyaan ռովերը, որի անունը սանսկրիտից թարգմանաբար նշանակում է «իմաստություն»։

Pragyaan-ը հագեցած է հինգ գործիքներով, որոնք նախատեսված են լուսնային մակերեսի ֆիզիկական բնութագրերը, մակերևույթին մոտ մթնոլորտը և նույնիսկ դրա տակ տեղի ունեցող տեկտոնական ակտիվությունը ուսումնասիրելու համար:

«Հուսով եմ, նոր բան կգտնենք», - ասաց Պանիկեր Սոմանատը:

Մի քանի մանևրներ կատարելուց հետո կայանը կիջեցվի ուղեծիր, իսկ օգոստոսի 23-ին նախատեսվում է, որ Լուսնի հարավային բևեռի շրջանում մոդուլը վայրէջք կկատարի։ Ըստ ժամանակացույցի՝ Pragyaan լուսնագնացների առաքելությունը կտևի 14 երկրային օր։

Այս առաքելությունը կարևոր քայլ է լուսնի ուսումնասիրությունների ոլորտում. եթե այն հաջողվի, Հնդկաստանը կդառնա աշխարհում չորրորդ երկիրը, որը փափուկ վայրէջք կկատարի Լուսնի վրա՝ ԱՄՆ-ից, նախկին Խորհրդային Միությունից և Չինաստանից հետո, և, ինչպես արդեն նշվել էր, կդառնա առաջին երկիրը, որը վերահսկվող «փափուկ վայրէջք» կկատարի Լուսնի Հարավային բևեռի մոտ։


 
 
 
 
  • Արխիվ