Ռուսաստանը Լուսին է ուղարկել միջմոլորակային «Լունա-25» կայանը. սա առաջին նման առաքելությունն է վերջին կես դարի ընթացքում

11 օգոստոսի, 2023  10:26

Ռուսաստանը մեր մոլորակի արբանյակ է ուղարկել «Լունա-25» միջմոլորակային ավտոմատ կայանը։ Սա երկրի առաջին նման առաքելությունն է վերջին մոտ 50 տարվա ընթացքում։ Կայանը վայրէջք կկատարի Լուսնի Հարավային բեւեռի մոտ օգոստոսի 21-24-ին եւ այդտեղ կփնտրի ջուր, կիրականացնի այլ հետազոտություններ, որոնք անհրաժեշտ են Լուսնի ծագումը եւ էվոլյուցիան հասկանալու, ինչպես նաեւ Երկրի արբանյակի գալիք յուրացման համար։

Արձակումը եւ վայրէջքը

Ինչպես պատմում է rbc.ru-ն, արձակումն իրականացվել է Ամուրի մարզի Վոստոչնի տիեզերակայանից։ «Սոյուզ-2. 1б» կրող հրթիռը «Ֆրեգատ» բլոկը կայանից կհասցնի ենթաուղեծրային հետագիծ, ինչից հետո «Ֆրեգատը» կանցնի մերձավոր եւ կլոր ուղեծիր մոտ 200 կիլոմետր բարձրությամբ, դրանով մոտ կես պտույտ կկատարի Երկրի շուրջ եւ «Լունա-25»-ը կուղարկի Լուսնին մոտենալու հետագիծ։ Հրթիռի արձակման պահից մինչեւ «Լունա-25-ի» արձակումը կանցնի ընդամենը 1 ժամ 20 րոպե։

Սպասվում է, որ կայանը Լուսնի  շրջանային մերձբեւեռային ուղեծիր կհասնի 100 կիլոմետր բարձրությամբ, արձակումից հինգ օր հետո։ Այնտեղ այն կանցկացնի երեքից յոթ օր՝ Հարավային բեւեռի շրջանում վայրէջքի օպտիմալ տեղ ընտրելու համար։ Այնուհետեւ կձեւավորվի էլիպսաձեւ վայրէջքային ուղեծիր՝ 18 կիլոմետր նվազագույն բարձրությամբ, եւ կայանը վայրէջք կկատարի Լուսնի Հարավային բեւեռի շրջանում։ Դա տեղի կունենա օգոստոսի 21-24-ին։ Հաջող վայրէջքից հետո կայանը կսկսի իր գիտական առաքելությունը Լունսի մակերեսին եւ այնտեղ կաշխատի մեկ տարի։

Գիտական հետազոտությունները

«Լունա-25-ը» պետք է բազմաթիվ հետազոտություններ կատարի։ Կայանը սկսելու է ուսումնասիրել արբանյակի մակերեսը՝ օգտագործելով տարբեր սարքեր, այդ թվում կրիոգենային հորատումը։ Հիմնական խնդիրն այստեղ ջրի որոնումն է լինելու։ Եթե իսկապես հաջողվի ջուր գտնել, դա կարող է մեծ նշանակություն ունենալ ապագա տիեզերական առաքելությունների համար, քանի որ ջուրը կարող է օգտագործվել որպես հրթիռային վառելիքի ստեղծման հումք, ինչը կարող է էապես նվազեցնել միջմոլորակային ճամփորդությունների արժեքն ու բարդությունը։

Գիտական սարքերը «Լունա-25-ի» վրա կուսումնասիրեն նաեւ փոշու եւ միկրոմետեորիտային պայմանները, բեւեռային Լուսնի ռադիացիոն իրադրությունը եւ այլ ասպեկտներ։ Հատուկ ուշադրություն կհատկացվի լուսնափոշու ուսումնասիրմանը, որը կարող է վտանգ ներկայացնել ապագա առաքելությունների եւ տիեզերական տեխնիկայի համար։

Գործնական նպատակը եւ ապագան

Գիտական հեռազոտություններից բացի՝ «Լունա-25» կայանը կծառայի նաեւ գործնական նպատակի՝ Լուսնի Հարավային բեւեռի մոտ փափուկ վայրէջքի նախապատրաստմանը։ Սա կարեւոր քայլ է ապագա առաքելությունների եւ Երկրի արբանյակի յուրացման բազայի ստեղծման համար։

«Լունա-25-ի» արձակումը ռուսական հավակնոտ լուսնային ծրագրի առաջին մասն է, որը ներառում է մի քանի փուլեր։ Երկրորդ փուլը նախատեսում է Լուսնի մակերեսին հասնելու միջոցների մշակումը եւ լուսնագնացների վայրէջքը՝ ապագա կայանի ստեղծման եւ առաջին տարրերի տեղակայման համար։ Երրորդ փուլում նախատեսվում է ավարտին հասցնել Լուսնի վրա լիարժեք այցելվող կայանի կառուցումը եւ աստղադիտարաններ բացել հետագա հետազոտությունների համար։

Այսպիսով, «Լունա-25» առաքելությունը նոր էջ է բացում Լուսնի հետազոտությունների եւ տիեզերքի հետագա յուրացման նախապատրաստման համար։ Սա կարեւոր քայլ է Ռուսաստանի եւ համաշխարհային գիտության համար, որը հաջողության դեպքում կարող է նոր բացահայտումների հանգեցնել եւ գործնական օգուտ բերել երկարաժամկետ հեռանկարի համար։

Հիշեցնենք, որ նախորդ լուսնային առաքելությունն արձակվել էր 1976թ.։ Դրա շրջանակում «Լունա-24» ավտոմատ կայանը Երկիր էր հասցրել 170 գրամ լուսնային բնահող։ Այն ուսումնասիրած գիտնականները ենթադրել են, որ բնահողը կարող է ջուր պարունակել 0,1 տոկոս խտությամբ՝ ըստ մասսայի։

Հիշեցնենք նաեւ, որ Հնդկաստանը եւս վերջերս տիեզերասարք է ուղարկել Լուսին. Chandrayaan-3-ը («Չանդրայան-3») Լուսնի ուղեծիր է դուրս եկել օգոստոսի 5-ին եւ արդեն Լուսնի մակերեսի առաջին լուսանկարներն է ուղարկել։ Chandrayaan-3-ի վայրէջքի մոդուլը եւ ռովերը կհասնի մեր մոլորակի արբանյակի մակերեսին օգոստոսի 23-ին։ Հաջողության դեպքում Հնդկաստանը կդառնա առաջին երկիրը, որը կկատարի կառավարվող «փափուկ վայրէջք» Լուսնի Հարավային բեւեռի մոտ։


 
 
 
 
  • Արխիվ