X-ի օգտատերերի թիվն աճում է․ սոցցանցը մոնետիզացիայի ծրագիր է սկսում բլոգերների համար

31 հուլիսի, 2023  14:10

X սոցիալական ցանցը, որը նախկինում հայտնի էր որպես Twitter, հայտարարել է, որ մոնետիզացիայի ծրագիր է գործարկում բովանդակություն ստեղծողների համար, որոնք կկարողանան եկամուտ ստանալ գովազդից, եթե համապատասխանեն որոշակի չափանիշների:

Մոնետիզացիայի ծրագիր բլոգերների համար

Պաշտոնական հայտարարության համաձայն՝ X-ը գործարկել է գովազդային եկամուտների բաշխման ծրագիր բովանդակություն ստեղծողների համար։ Այս ամսվա սկզբին ընկերությունը որոշակի գումարներ է վճարել առանձին հեղինակների, սակայն այժմ բոլոր օգտատերերը, որոնք համապատասխանում են նշված չափանիշներին, կարող են ծրագրին մասնակցելու համար դիմում ներկայացնել, որն արվում է կարգավորումներում մոնետիզացիայի ներդիրից։

Ծրագրին մասնակցելու համար հարկավոր է ունենալ X Blue կամ Verified Organization բաժանորդագրություն, վերջին երեք ամսվա ընթացքում գրառումների առնվազն 15 միլիոն դիտում և առնվազն 500 բաժանորդ:

Ընկերությունը որոշել է հնարավորինս դյուրին դարձնել այս ծրագրին մասնակցությունը, որպեսզի բոլոր իրավասու օգտվողները կարողանան եկամտի մասնաբաժին ստանալ, եթե բավարարեն համապատասխանության չափանիշները և միանան ծրագրին:

Թե ինչպես է որոշվելու վճարումների չափը, դեռ հստակ հայտնի չէ, սակայն հայտնի է, որ հեղինակները վճարումներ կստանան, եթե վաստակեն ավելի քան 50 դոլար։

Ռեբրենդինգ, լոգոյի թարմացում և նոր խնդիրներ

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ սոցցանցը վերաբրենդավորվեց և անվանափոխվեց X-ի: Սև ֆոնի վրա լակոնիկ «X» սիմվոլով թարմացված տարբերանշանը հայտնվել է ինչպես հարթակում, այնպես էլ Սան Ֆրանցիսկոյում ընկերության կենտրոնական գրասենյակի տանիքին: Եվ սա արդեն որոշակի խնդիրներ է առաջացրել։

Ինչպես տեղեկացնում է NBC News-ը, Սան Ֆրանցիսկոյի իշխանությունները հայտարարել են, որ Մասկը խախտել է ԱՄՆ օրենքները՝ քաղաքի կենտրոնում գտնվող ընկերության գլխամասային գրասենյակի տանիքին հսկա X տարբերանշանի պատճառով։

Բացի դրանից, ըստ Bleeping Computer-ի, Twitter-ի վերաբրենդավորումը X-ի հանգեցրել է նրան, որ երբ օգտատերերը Microsoft Edge բրաուզերով այցելում են սոցցանցի կայք, բրաուզերն զգուշացնում է ուղարկում անվտանգության ռիսկի մասին։ Խնդիրը, ինչպես պարզվել է, պայմանավորված էր նրանով, որ Twitter-ը X-ով վերանվանելու գործընթացում թռչնի տեսքով լոգոն փոխարինվել է Unicode-ով գրված նիշով, որը նման է X տառին, բայց մաթեմատիկական համատեքստում նշանակում է կամայական մետրային տարածություն: Microsoft Edge բրաուզերը սրանում անվտանգության հնարավոր վտանգ է տեսել և սկսել է նախազգուշացում ցույց տալ:

Ակտիվ օգտվողների աճ

Չնայած այս ամենին, X սոցցանցի ակտիվ օգտատերերի թիվը, ըստ Իլոն Մասկի, աճում է։ Նրա խոսքով, ակտիվ օգտատերերի թիվն արդեն ավելի քան 541 միլիոն մարդ է, և այս թվում ներառված չէ բոտերի մասնաբաժինը։ Սա սոցցանցի համար նոր ռեկորդ է այս տարվա սկզբից։

Միևնույն ժամանակ Մարկ Ցուկերբերգի Threads հավելվածը, որը մրցում է X-ի հետ, գործարկման առաջին շաբաթվա ընթացքում 100 միլիոն ներբեռնում ունեցավ, բայց շուտով օգտատերերի կեսից ավելին կորցրեց հետաքրքրությունը հարթակի նկատմամբ։


 
 
 
 
  • Արխիվ