Ակադեմիական քաղաքի նախագիծ․ ի՞նչ խնդիրներ է տեսնում «Գիտուժ» նախաձեռնությունը

27 հուլիսի, 2023  16:09

Հայաստանում կրթական խոշոր բարեփոխումների իրականացումը և Ակադեմիական քաղաքի կառուցումն առաջին հայացքից կարող է հետաքրքիր և խոստումնալից նախաձեռնություն թվալ. տեսականորեն այս նախագիծը կարող է նոր շունչ հաղորդել կրթական համակարգին, նպաստել նոր գիտնականների հայտնվելուն և ընդհանրապես գիտության զարգացումը։ Հայաստանում գիտնականները, սակայն, դրա հետ կապված մի շարք խնդիրներ են տեսնում։ Եվ տալիս են մի շարք հարցեր, որոնց մեծ մասը՝ թե՛ բարդ, թե՛ պարզ, մնում է անպատասխան։

Անպատասխան հարցեր

Այդպիսի հարցերից մեկը, ինչպես նշում է «Գիտուժ» նախաձեռնության համակարգող Լիլիթ Մարգարյանը, այն է, թե որտեղից է ծագել միտքը, թե գիտության և կրթության ոլորտում Հայաստանի խնդիրները կարելի է լուծել միայն մեկ նախագծի օգնությամբ, այն էլ՝ այդքան անգրագետ իրականացվող։ Շատ գիտնականներ վստահ են, որ Ակադեմիական քաղաքը դժվար թե կարողանա որևէ բան փոխել կրթության ոլորտում, առավելևս գիտության ոլորտում խնդիրների լուծման հարցում։ Հատկապես, որ գիտության խնդիրներն այս նախագծում առանձնապես չեն էլ հիշատակվում։

«Երբ ես լսում եմ Ակադեմիական քաղաքի վերաբերյալ որևէ քննարկում կամ կարդում եմ այս նախագծին առնչվող որևէ փաստաթուղթ, նրանք միշտ խոսում են միայն կրթության մասին, կրթության ոլորտում KPI-ների (key performance indicators, հիմնական կատարողական ցուցիչներ) մասին: Մենք լուրջ կասկածներ ունենք, որ Ակադեմիական քաղաքը կարող է խնդիրներ լուծել, թեկուզև գոնե կրթության ոլորտում։ Եվ մենք վստահ ենք, որ դրա օգնությամբ գիտության խնդիրները, անշուշտ, չեն լուծվի, հատկապես, եթե գործընթացները կազմակերպվեն նման ձևերով և գործիքներով»,- նշեց մասնագետը։

Լիլիթ Մարգարյանը հիշեցրեց, որ 2020-ին Եվրահանձնաժողովը հատուկ ուսումնասիրություն է անցկացրել այն մասին, թե գիտությունն ինչ նոր առաքելություն պետք է կատարի Հայաստանում, ինչպես կարող է ծառայել երկրի զարգացմանն ու հզորացմանը և ինչպես է այն պետք զարգացնել անհրաժեշտ արդյունքների հասնելու համար։ Այնուամենայնիվ, մարդիկ, որոնք պետք է զբաղվեին այս նախագծի ներդրմամբ, իրագործմամբ, կարծես թե հասկացան և ընդունեցին դրա մի փոքր մասը միայն, չնայած այն բանին, որ մասնագետների կարծիքով, եթե նման նախագծի իրականացմանը ճիշտ մոտեցում չտրվի, արդյունքը կարող է լինել ճիշտ հակառակը, և դա կարող է ոչնչացնել գիտությունը երկրում։

Ակադեմիական քաղաքի նախագծի հետ կապված մի շարք այլ խնդիրներ կան։ Այսպես, օրինակ, 2022-ին բուհերում շատ տեղեր, նույնիսկ պետպատվերով, թափուր են մնացել․ բուհերին տրամադրված 2128 անվճար տեղերից զբաղեցվել է ընդամենը 1778-ը, իսկ 15,984 վճարովի տեղերից՝ ընդամենը 7220-ը։ Եթե ուսանողների թիվը շարունակ նվազում է, ապա ո՞ւմ միջոցով և ինչպե՞ս են նրանք պատրաստվում «բնակեցնել» Ակադեմիական քաղաքի համալսարանները։

Մեկ այլ հետաքրքիր հարց վերաբերում է այն բուհերի և գիտահետազոտական ​​ինստիտուտների ապագային, որոնք չեն կարող միավորվել։ Արդյոք դրանք կկարողանա՞ն պետական ​​ֆինանսավորում ստանալ։ Արդյոք հանուն այդ համալսարանների կփոխվե՞ն օրենքները։ Թե՞ պետական ​​ֆինանսավորում կստանան միայն այն հաստատությունները, որոնք կմիավորվեն մինչև 2027-ը։

Բացի դրանից, ինչպե՞ս կարելի է բարձրացնել հայաստանյան բուհերի կրթական մակարդակը, ինչպե՞ս կարելի է դրանք ավելի մրցունակ դարձնել, և ի՞նչ դեր է խաղալու Ակադեմիական քաղաքն այս հարցում։ Եթե ​​այս բուհերում կրթության որակը կարելի է բարձրացնել, ինչո՞ւ դա չի կարելի անել հիմա՝ չսպասելով Ակադեմիական քաղաքի կառուցմանը։

Ինչպե՞ս կարող է այս նախագիծը լուծել գիտության ոլորտում առկա բազմաթիվ խնդիրները։ Օրինակ՝ այսպես կոչված «ակադեմիական բարեխղճության», գրագողության հետ կապված հարցերը։

Սրանք ընդամենը մի քանիսն են այն հարցերից, որ տալիս են ինչպես հայ գիտնականները, այնպես էլ երկրի մտահոգ քաղաքացիներ։ Իսկ դրանց հստակ պատասխանները դեռ չկան։

Նախագիծ, որը հաշվի է առնում ներկա իրավիճակը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական ​​կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը վստահեցնում է, որ Ակադեմիական քաղաքի ստեղծման գաղափարն արտացոլված է «Հայաստանի Հանրապետությունում կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ​​ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքում։ Նրա խոսքով՝ նախագիծը հիմնված է բազմաթիվ տվյալների և ուսումնասիրությունների վերլուծության վրա։ Հաշվի են առնված նաև կրթության ոլորտում առկա իրավիճակը և որոշ վիճակագրական տվյալներ։

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում կա 16 պետական և ավելի քան 50 մասնավոր բուհ։ Կա 80,000 ուսանող, ուսուցիչները շատ են, բայց այս ամենով հանդերձ կրթության որակը շատ ցածր է և չի համապատասխանում միջազգային պահանջներին։ Ինչպես նշեց Գրիգորյանը, այսօր հայկական բուհերը ոչ մի տեղ չեն զբաղեցնում միջազգային վարկանիշային աղյուսակներում, իսկ դրանց լիցենզավորման ու հավատարմագրման պայմանները չեն համապատասխանում միջազգային պահանջներին։

Այս ամենը խնդիրներ են, որոնք իսկապես պետք է լուծվեն: Իհարկե, լիովին պարզ չէ, թե Ակադեմիական քաղաքի կառուցումը կոնկրետ ինչպես կնպաստի դրանց լուծմանը։

Ինչպես նշեց Գրիգորյանը, Ակադեմիական քաղաքը կրթության ոլորտում նախատեսված բարեփոխումներից ընդամենը մեկն է։ Այն կապահովի նոր միջավայր, որն իր հերթին երիտասարդներին կխրախուսի սովորել, հետազոտություններ կատարել, ինչ-որ նոր բան ստեղծել։ Այսօրվա ենթակառուցվածքը, ըստ Գրիգորյանի, սպառել է իրեն և չի կարող ծառայել բոլոր այս նպատակներին։

Ինչպես իր հերթին նշեց ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը, կրթության ոլորտի բարեփոխման և բուհերի խոշորացման գործընթացները սկսվել են վաղուց և պետք է զարգանային անկախ Ակադեմիական քաղաքի շինարարությունից։ Ակադեմիական քաղաքը թույլ կտա ստեղծել ժամանակակից ենթակառուցվածք, որտեղ կարող են տեղակայվել խոշորացված, բարեփոխված համալսարանները։

Ավելին, «Հայաստանի Հանրապետությունում կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ​​ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ կրթական բարեփոխումների արդյունքում մինչև 2030-ը Հայաստանի առնվազն չորս (հնարավոր ութից) բուհ պետք է ընդգրկվի միջազգային 500 լավագույն բուհերի ցանկում, իսկ հայաստանյան բուհերում միջազգային ուսանողների թիվը պետք է կրկնապատկվի։

Քանի որ այս նախագիծը դեռ մշակման և քննարկման փուլում է, ինչպես նշեց Մովսիսյանը, նախատեսվում է կատարելագործել այն՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքներն ու մտահոգությունները և բոլոր հնարավոր ռիսկերը։ Այն, ամենայն հավանականությամբ, կհամալրվի գիտությանն առնչվող ռազմավարություններով և նպատակներով, որպեսզի արտացոլի ոչ միայն կրթության, այլ նաև գիտության ոլորտը։

Անդրադառնալով գիտնականների տարակուսանքի ու մտավախության վերաբերյալ հարցին, թե, ըստ նախագծի, 2027-ից պետական ​​ֆինանսավորում և աջակցություն կտրամադրվի միայն խոշորացված բուհերին և դրանց հետ միավորված գիտական ​​կազմակերպություններին, Մովսիսյանը նշեց, որ այս պարբերությունը նախագծում սխալ է շարադրված, և անհրաժեշտության դեպքում ֆինանսավորում կստանան նաև այն գիտական ​​կազմակերպությունները, որոնք չեն կարող միավորվել բուհերի հետ։ Որպես օրինակ նա բերեց Մատենադարանն ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որոնք, ամենայն հավանականությամբ, բուհերին կցված չեն լինի։

«Օրինակ՝ նախատեսվում է, որ Տեխնոլոգիական համալսարանում կընդգրկվեն Պոլիտեխնիկական, Ճարտարապետաշինարարական, Ագրարային համալսարանները և որոշ գիտական ​​կազմակերպություններ։ Իրավական առումով դրանք պարզապես միավորված չեն լինի․ կստեղծվի Տեխնոլոգիական համալսարան, որտեղ կկարողանան աշխատել պոտենցիալ շահառուները՝ ժամանակակից ենթակառուցվածքների, կրկնակի բարձր աշխատավարձի և այլ գրավիչ պայմանների առկայության դեպքում։ Ինչ-որ բուհ կարող է որոշել, որ այնտեղ չի աշխատելու։ Այդ բուհն այլևս չի ստանա պետական ​​ֆինանսավորում։ Պետությունը պատկերացնում է, որ լինելու է վեց պետական ​​բուհ, այս հայտարարության տեքստը վերաբերում է կոնկրետ այս վեց բուհերին, և այս պարբերությունը չպետք է դիտարկվել առանձին գիտական ​​կազմակերպությունների տեսանկյունից, այստեղից էլ գալիս է թյուրիմացությունը»,- նշեց Մովսիսյանը։

Հիշեցնենք, որ վերջերս բազմաթիվ գիտնականներ են խոսել Հայաստանում Ակադեմիական քաղաքի ստեղծման գաղափարի մասին։ Օրինակ՝ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը կարծում է, որ նման քաղաք ստեղծելու գաղափարը բառերով շատ գեղեցիկ է հնչում, իսկ իրականում՝ անիրագործելի է։

Մտահոգություններ են հնչել նաև առ այն, որ գիտակրթական նոր համակարգ ստեղծելու ցանկությունը կարող է վտանգել գործող գիտական ​​համակարգի զարգացումը և նույնիսկ գոյությունը։


 
 
 
 
  • Արխիվ