Ամենաբարակ և ամենաթեթև Galaxy Fold-ը. ներկայացվել է Samsung Galaxy Z Fold5 սմարթֆոնը

26 հուլիսի, 2023  20:18

Samsung Electronics հարավկորեական ընկերությունն այսօր տեղի ունեցած Galaxy Unpacked միջոցառման ժամանակ ներկայացրել է նոր Galaxy Z Fold5 ծալովի սմարթֆոնը, որը, ըստ արտադրողի, Galaxy Fold շարքի երբևէ թողարկված ամենաբարակ և ամենաթեթև սմարթֆոնն է։ Samsung-ը նաև շտկել է դիզայնի թերությունը՝ վերացնելով կորպուսի երկու կեսերի միջև եղած բացվածքը, որն առաջանում էր սմարթֆոնի ծալված ժամանակ:

Այս խնդիրը մտահոգություններ էր առաջացրել սմարթֆոնի երկարակեցության հետ կապված, քանի որ փոշին, ավազը, կեղտը և այլ մասնիկներ կարող են այց բացվածքով ներթափանցել հեռախոսի ներքին էկրան: Որոշ օգտատերերի կարծիքով՝ վերջին սերնդի Galaxy Z Fold4-ի այդ բացվածքը նույնիսկ ավելի մեծ էր, քան Galaxy Z Fold3-ի դեպքում: Ինչպես խոստացել էր ընկերությունը, Galaxy Z Fold5-ն ամբողջությամբ փակվում է ծալվելիս՝ բացվածք չթողնելով:

Samsung Galaxy Z Fold5.png (552 KB)

Սմարթֆոնն ունի 7,6 դյույմանոց ներքին ճկուն AMOLED էկրան՝ QXGA+ (2176 x 1812 պիքսել) լուծաչափով և թարմացման 120 Հց հաճախականությամբ, արտաքին 6,2 դյույմանոց AMOLED էկրան՝ 2316x904 պիքսել լուծաչափով 120 Հց հաճախականությամբ։ Երկու էկրաններն էլ պաշտպանված են Corning Gorilla Glass Victus 2 ապակիով։

Samsung Galaxy Z Fold5-ն ունի 10 ՄՊ առջևի և 4 ՄՊ ներկառուցված տեսախցիկ, ինչպես նաև եռակի հիմնական տեսախցիկ (50 ՄՊ, 12 ՄՊ և 10 ՄՊ)։ Մարտկոցի հզորությունը 4400 մԱ/ժ է՝ 25 Վտ լարով, 15 Վտ անլար և 4,5 Վտ անլար հետադարձ լիցքավորման աջակցությամբ։ Հեռախոսն ունի նաև կողային մատնահետքի սկաներ, ջրակայուն է (IPX8), ունի ստերեո բարձրախոսներ:

Samsung Galaxy Z Fold5 3.png (770 KB)

Սմարթֆոնն աշխատում է Qualcomm Snapdragon 8 Gen2 SoC պրոցեսորով, ունի 12 ԳԲ LPDDR5X օպերատիվ և 256,512 ԳԲ կամ 1 ՏԲ UFS 4.0 ներկառուցված հիշողություն: Սմարթֆոնի վրա տեղադրված է Android 13 օպերացիոն համակարգ և One UI 5.1.1 ինտերֆեյս։

Ծալված վիճակում հեռախոսի չափերն են՝ 154,9x67,1x13,4 մմ, բացված վիճակում՝ 154,9xx 129,9x6,1 մմ։ Սմարթֆոնը կշռում է 253 գրամ, ունի 5G, 4G VoLTE, Wi-Fi 802.11 6E (2.4 և 5 ԳՀց), Bluetooth 5.3, USB Type-C և NFC աջակցություն:

Samsung Galaxy Z Fold5-ի նախնական պատվերները մի շարք երկրներում կսկսվեն այսօրվանից։ Բաց վաճառքը կմեկնարկի օգոստոսի 11-ից։ 256 ԳԲ ներկառուցված տարբերակի գինն սկսվում է 1800 դոլարից, իսկ 1 ՏԲ տարբերակն արժե 2160 դոլար: Առկա են գույների սև, մանուշակագույն և ոսկեգույն տարբերակներ։


 
 
 
 
  • Արխիվ