Ozon-ի ապրանքներն արդեն հասանելի են Հայաստանի բնակիչների համար

5 հուլիսի, 2023  12:11

Ռուսական Ozon առցանց առևտրի հարթակն սկսել է Ռուսաստանից ապրանքների վաճառք իրականացնել Հայաստանում։ Առաքման միջին ժամանակահատվածը մոտ յոթ օր է: Ապագայում Ozon-ը նախատեսում է զարգացնել իր լոգիստիկ ենթակառուցվածքը Հայաստանում։

Ինչպես տեղեկացնում է Forbes.ru-ն, ընկերությունից հայտնել են, որ Հայաստանից գնորդները կարող են պատվիրել ռուսական շուկայի գրեթե ողջ տեսականին, իսկ ապրանքները կարող եք պատվիրել Omni Logistics-ի առաքման միջոցով։

«Առցանց առևտրի հարթակների մեծ առավելությունը լայն տեսականին է, վիրտուալ ցուցափեղկի վրա ապրանքների ընտրանին շատ ավելի մեծ է, քան սովորական մանրածախ խանութում»,- ասել է ԱՊՀ-ում Ozon-ի գործառնությունների և զարգացման հարցերով տնօրեն Ալեքսեյ Սապոնը:

«Մենք ցանկանում ենք ամրապնդել մեր ենթակառուցվածքները երկրում, որպեսզի նույնիսկ Հայաստանի ամենահեռավոր անկյունների բնակիչները կարողանան առցանց պատվիրել և ապրանքներ ընտրել բազմազան տեսականիից»,- հավելել է նա։

Հայ սպառողները կարող են գնել Ozon-ի 196 միլիոն անուն ապրանքներ ավելի քան 20 կատեգորիայում՝ գրքերից և հագուստից մինչև սննդամթերք և խնամքի պարագաներ: Ապրանքները հնարավոր է ձեռք բերել առաքման ծառայության կամ Omni Logistics-ի ստացման կետերի միջոցով: Ապրանքների առաքման միջին ժամկետը մոտ յոթ օր է:

Ընկերությունից տեղեկացնում են, որ Ozon-ը նախատեսում է զարգացնել Հայաստանում իր լոգիստիկ ենթակառուցվածքը, ներառյալ սեփական առաքման ծառայությունը և ստացման կետերի ցանցը: Ozon-ը ԱՊՀ-ում բիզնես է զարգացնում 2021-ից, ընկերությունն արդեն ունի իր սեփական լոգիստիկ ենթակառուցվածքը Բելառուսում, Ղազախստանում և Ղրղզստանում: Ozon-ը ակտիվորեն զարգանում է որպես առցանց հարթակ, որի տեսականու ավելի քան 90%-ն արդեն ձևավորում են հարթակի գործընկերները։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ozon-ը հայկական շուկա կմտնի այս տարվա աշնանը։

 

 


 
 
 
 
  • Արխիվ