DigiTec 2022-ը կանցկացվի Երեւանում 2023 թ․ մարտի 10-12-ը

19 հոկտեմբերի, 2022  12:42

Հետաձգված DigiTec 2022 ցուցահանդեսն ու վեհաժողովը տեղի կունենան Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 2023 թ․ մարտի 10-ից 12-ը։ Այս մասին տեղեկացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ):

Միջոցառումը, ինչպես հայտնում են կազմակերպիչները, կանցկացվի հետևյալ խորագրով՝ «Ինչպե՞ս են տեխնոլոգիաները նպաստում ժողովրդավարության դիմակայունությանն անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակում»/ “What role does tech play in helping democracies become more resilient in an increasingly unstable world?”։

Վեհաժողովի նախագահ Րաֆֆի Քասարջյանի խոսքով, DigiTec 2022-ը կհետազոտի առողջ IT ոլորտի, աճի եւ ժողովրդավարական զարգացման անվտանգ հարթակների միջեւ փոխկապվածությունը։ Ելույթներով հանդես կգան խոսնակներ Հայաստանից, Էստոնիայից, Իսրայելից, Լիտվայից, Սինգապուրից, Թայվանից և այլ երկրներից: Ավելին, DigiTec 2022 ցուցահանդեսում կներկայացվեն 125 տեղական և արտասահմանյան ընկերություններ։ 

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանի խոսքով, այս տարվա միջոցառման հետաձգումը մինչեւ 2023-ի գարուն չի ենթադրում հաջորդ տարվա միջոցառման չեղարկում. DigiTec 2023-ը նախատեսված է անցկացնել գալիք տարավա աշնանը:

Հիշեցնենք, որ DigiTec Expo ամենամյա ցուցահանդեսն ԱՏՁՄ կողմից կազմակերպվում է 2005-ից ի վեր: Յուրաքանչյուր տարի այնտեղ ցուցադրվում են Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումներն ու զարգացման ներուժը: 2021-ից ի վեր ցուցահանդեսին զուգահեռ տեղի է ունենում DigiTec Summit, որը Երևանում է համախմբում բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներին։


 
 
 
 
  • Արխիվ