Մարսի վրա «փքաբլիթ» են նկարահանել. ի՞նչ է այն և որտեղի՞ց է հայտնվել (ֆոտո)

28 հունիսի, 2023  12:37

ՆԱՍԱ-ի Perseverance մարսագնացը Կարմիր մոլորակի վրա լուսանկարել է փքաբլիթի տեսքով մի հետաքրքիր քար, որի կենտրոնում անցք է: Քարը նկատելիորեն տարբերվում է շրջակա լանդշաֆտից, սակայն նրա կողքին ընկած են ևս մի քանի ավելի փոքր քարեր՝ հավանաբար նույն տեսակի։

SETI ինստիտուտի ներկայացուցիչները, որոնք զբաղվում են այլմոլորակային բանականության որոնումներով, կարծում են, որ այս քարը կարող է լինել մի մեծ երկնաքարի մի մասը, որը ժամանակին ընկել է մոլորակի վրա։

mars-meteor

Perseverance-ը առաջին անգամ նկատեց այս պոտենցիալ երկնաքարը մոլորակի վրա վայրէջք կատարելուց շաբաթներ անց՝ դեռ 2021 թվականի փետրվարին: Ճիշտ է, սա Մարսի վրա հայտնաբերված միակ աչքի ընկնող քարը չէ: Մեկ այլ մարսագնաց՝ Curiosity-ն, մոլորակի վրա մի քանի երկնաքար է հայտնաբերել 2012 թվականի օգոստոսի վայրէջքից հետո: 2014 թվականի հունվարին ՆԱՍԱ-ի Opportunity մարսագնացը գտավ քար, որը դրսից սպիտակ էր, իսկ ներսից կարմիր. ՆԱՍԱ-ի փորձագետները այն համեմատեցին դոնդողով բլիթների հետ:

Curiosity մարսագնացը վերջերս Մարսի վրա հայտնաբերել է նաև մեկ այլ անսովոր քար, որը նկատելիորեն տարբերվում է շրջակա հողից՝ և՛ իր հարթ մակերեսով, և՛ մոխրագույն գույնով: Ամենայն հավանականությամբ, դա նույնպես մոլորակի վրա ընկած երկնաքարի մի մասն է։

Հիշեցնենք, որ Perseverance-ն ուսումնասիրում է Մարսի Ջեզերո կոչվող 45 կմ լայնությամբ խառնարանը, որում միլիարդավոր տարիներ առաջ, ամենայն հավանականությամբ, եղել է մեծ լիճ և գետի դելտա: Մարսագնացը մոլորակի վրա փնտրում է կյանքի նշաններ և հավաքում հողի տասնյակ նմուշներ, որոնք ապագայում կհետազոտվեն Երկրի վրա:

Այս դժվարին գործում Perseverance-ին օգնում է Ingenuity ուղղաթիռը, որը նախատեսված էր 5 թռիչքների համար։ Սակայն մինչ օրս Ingenuity-ն կատարել է արդեն 51 թռիչք՝ ընդհանուր առմամբ անցնելով 11,7 կմ:

Այս բոլոր ուսումնասիրություններն անհրաժեշտ են դեպի Մարս մարդկանց ապագա թռիչքների կազմակերպման համար։ ՆԱՍԱ-ի որոշ փորձագետների կարծիքով՝ Մարսի վրա մարդու առաջին վայրէջքը կարող է տեղի ունենալ 2040 թվականին։

Սակայն SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը կարծում է, որ Կարմիր մոլորակի վրա վայրէջք կարող է տեղի ունենալ առաջիկա տասը տարվա ընթացքում։ Ավելի վաղ նա ասել էր, որ առաջին բեռնատար առաքելությունը Մարս կմեկնի 2022 թվականին, իսկ 2050 թվականին այնտեղ կկառուցվի 1 միլիոն բնակչությամբ քաղաք։ Կարծես թե նա ստիպված կլինի մի փոքր շտկել այս կանխատեսումները։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ