Նորույթներ Apple-ից. iPad Pro-ն ավելի հզոր է դարձել, iPad 10-ը ստացել է USB-C պորտ, սակայն նաև խնդիրներ կան

19 հոկտեմբերի, 2022  10:25

Apple-ն առանց ավելորդ աղմուկի ներկայացրել է իր նոր պլանշետները. iPad Pro-ն երկու տարբերակով՝ 11 և 12,9 դյույմ անկյունագծով էկրաններով ավելի հզոր է դարձել, իսկ iPad 10-ը ստացել է USB-C պորտ։ Սակայն խնդիրներ, այդուհանդերձ, կան. օգտատերերը նոր iPad-ի հետ ստիպված կլինեն գնել նաև նոր աքսեսուար՝ USB-C to Apple Pencil Adapter։

iPad Pro. ավելի բարձր կատարողականություն, M2 SoC և Wi-Fi 6E

Նոր iPad Pro-ն աշխատում է M2 SoC չիփով, որի շնորհիվ, ըստ Apple-ի, նախորդ iPad Pro-ի համեմատ 15%-ով բարելավվել է կենտրոնական պրոցեսորի (CPU) և 35%-ով գրաֆիկական պրոցեսորի աշխատանքը (GPU): Թվում է՝ այս պլանշետները կատարողականության առումով կարող են գերազանցել շատ նոութբուքերի:

Apple-iPad-Pro-space-gray

Apple-ի նոր պլանշետները նաև առաջարկում են.

• Apple Pencil-ի աշխատանքի նոր մակարդակ․ պլանշետը կարող է ստիլուսը ճանաչել էկրանից մինչև 12 մմ հեռավորության վրա, ինչը կարող է իսկապես մեծապես ազդել դրա հետ աշխատանքի վրա։
• Աշխարհի ամենակատարելագործված բջջային էկրան. 12,9 դյույմանոց պլանշետն ունի Liquid Retina XDR էկրան, որը ճշգրիտ վերարտադրում է գույները և կարող է օգտագործվել HDR պատկերների և տեսանյութերի խմբագրման համար:
• 12 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկ
• Ֆլեշ հիշողություն 128 ԳԲ-ից մինչև 2 ՏԲ
• 20 Վտ լիցքավորում USB-C-ի միջոցով
• Դեմքի ճանաչում
• Thunderbolt լար
• Չորս բարձրախոսով ձայնային համակարգ
• WiFi 6E ադապտեր

Պլանշետը կարելի է նախապես պատվիրել այսօր, սակայն վաճառքը կսկսվի հոկտեմբերի 26-ին։ Ինչ վերաբերում է գնին, ապա ավելի կոմպակտ պլանշետն արժե 800 դոլար, մինչդեռ 12,9 դյույմանոցը սկսվում է 1100 դոլարից:

iPad 10. 5G, Lightning-ի փոխարեն USB-C պորտ և նոր դիզայն

10-րդ սերնդի նոր iPad-ը վերջապես ստացել է նոր դիզայն, ազատվել է Lightning միակցիչից և անցել է USB-C-ի։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am Tech-ը, նոր iPad 10-ն ունի 10,9 դյույմանոց էկրան և ավելի բարակ շրջանակներ, ընդորում՝ կողային շրջանակն այժմ հարթ է: Վեբ-տեսախցիկը տեղադրված է այլ կերպ, և տեսազանգերի ժամանակ պլանշետը պետք է պահել հորիզոնական, այլ ոչ թե ուղղահայաց, ինչպես նախկինում:

ipad-10

Ե՛վ հիմնական, և՛ դիմային տեսախցիկներում օգտագործվել են 12 մեգապիքսելանոց սենսորներ:

Իսկապես, Apple-ը վերջապես հեռացրել է Home կոճակը և մատնահետքի Touch ID սկաները ներկառուցել միացման կոճակի մեջ:

Պլանշետն աշխատում է SoC A14 Bionic չիպով, իսկ նախորդ սերնդի iPad-ն աշխատում էր SoC A13 Bionic-ով: Magic Keyboard Folio ստեղնաշարով և Apple Pencil առաջին սերնդի ստիլուսով համալրված iPad 10-ն ունի Wi-Fi 6 և 5G աջակցություն:

Սակայն կա նաև վատ նորություն. ինչպես վերը նշվեց, նոր պլանշետի հետ մեկտեղ ստիպված կլինեք գնել նոր աքսեսուար՝ USB-C to Apple Pencil Adapter:

10-րդ սերնդի iPad-ն ունի առաջին սերնդի Apple Pencil ստիլուսի աջակցություն, սակայն այն լարային միացման միջոցով լիցքավորելու համար կպահանջվի ադապտեր, քանի որ պլանշետն արդեն ունի USB-C պորտ, և ստիլուսն այլևս չի կարող ուղղակիորեն լիցքավորվել պլանշետի միջոցով: Եթե ​​ցանկանում եք օգտագործել Apple Pencil-ը, ապա պետք է այն լիցքավորեք USB-C լարով և առանձին ադապտերով:

usb-c-apple-pencil-adapter

Apple-ի մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ Apple Pencil-ի (1-ին սերնդի) զուգակցման և լիցքավորման համար պահանջվում է USB-C Apple Pencil-ի ադապտեր, որը ներառված է նոր Apple Pencil-ի (1-ին սերունդ) կոմպլեկտում՝ 99 դոլար արժողությամբ։ Եվ եթե արդեն ունեք նման ստիլուս, կարող եք դրա համար գնել 9 դոլար արժողությամբ USB-C ադապտեր:

Պլանշետն արժե մոտ 450 դոլար։ IPad 10-ը կարելի է նախապես պատվիրել ԱՄՆ-ում այսօրվանից, իսկ մանրածախ վաճառքը կսկսվի հոկտեմբերի 26-ից, ինչպես iPad Pro-ի դեպքում:


 
 
 
 
  • Արխիվ