James Webb-ը հեռավոր գալակտիկայում արտասովոր սև խոռոչ է հայտնաբերել. այն 5 անգամ ավելի մեծ է, քան պետք է լիներ

31 մայիսի, 2023  22:30

Աստղագետները, օգտագործելով James Webb տիեզերական աստղադիտակի աննախադեպ հնարավորությունները, ամենահեռավոր գալակտիկաներից մեկում հայտնաբերել են հսկայական չափերի սև խոռոչ, որում հավանաբար դադարել է նոր աստղերի ձևավորման գործընթացը։

Ըստ Էդինբուրգի համալսարանի գիտնականների ուսումնասիրության արդյունքների, որոնք հրապարակվել են Nature ամսագրում, Երկրից 25 միլիարդ լուսատարի հեռավորության վրա գտնվող GS-9209-ն գալակտիկան հետաքրքիր է ոչ միայն դրանով։ Ըստ գիտնականների՝ խոսքը այսպես կոչված «հսկայական հանգստացող գալակտիկայի» մասին է, որը Մեծ պայթյունից ընդամենը 800 միլիոն տարի անց, ձևավորել է այնքան աստղ, որքան այժմ կա Ծիր Կաթինում: Թեև GS-9209-ն ունի մոտ նույն թվով աստղեր, որոնց ընդհանուր զանգվածը հավասար է մոտ 40 միլիարդ Արեգակի զանգվածին, այս գալակտիկան 10 անգամ փոքր է Արեգակնային գալակտիկայից։

James Webb-ը գիտնականներին օգնել է պարզել, որ այս գալակտիկայում աստղերի ձևավորման դադարեցման հիմնական «մեղավորը» GS-9209 գալակտիկայի կենտրոնում գտնվող գերզանգվածային սև խոռոչն է, որը, ըստ ժամանակակից գիտական ​​հասկացությունների և դատելով գալակտիկայում առկա աստղերի քանակից, հինգ անգամ ավելի մեծ է, քան պետք է լիներ։

Գիտնականների կարծիքով՝ նման սև խոռոչը «մեծ անակնկալ» է դարձել և ևս մեկ անգամ հաստատում է տեսություններից մեկը, ըստ որի՝ գերզանգվածային սև խոռոչները կարող են խանգարել նոր աստղերի առաջացմանը։ Աճանստվածքի (ակրեցիա) գործընթացում դրանք ինտենսիվորեն բարձր էներգիայի ճառագայթում են արտանետում, որը տաքացնում է գազը և բառացիորեն «դուրս է մղում» գալակտիկաներից, ինչի հետևանքով նոր աստղեր չեն հայտնվում հիմնական «շինանյութի» բացակայության պատճառով։

Այն, որ այս սև խոռոչն այդքան մեծ է, ըստ գիտնականների, կարող է նշանակել, որ «նախկինում այն շատ ակտիվ է եղել», ներծծել է հսկայական քանակի գազ և փոշի և, հավանաբար, փայլել է քվազարի պես, իսկ աճանստվածքի ընթացքում անջատված ամբողջ էներգիան, հավանաբար, լրջորեն ազդել է աստղերի ձևավորման գործընթացի վրա ամբողջ գալակտիկայում՝ թույլ չտալով, որպեսզի գազը վերածվի նոր աստղերի:

James Webb-ը չափազանց արդյունավետ է ոչ միայն երկար, այլև շատ կարճ հեռավորությունների վրա։ Վերջերս աստղադիտակը Սատուրնի Էնցելադուս արբանյակի վրա հայտնաբերել է հսկա սառցե գեյզեր, որը գիտնականներին կօգնի բազմաթիվ բացահայտումներ անել սառույցով պատված այս աշխարհի մասին։ 


 
 
 
 
  • Արխիվ