Ինչպե՞ս հեշտ դառնալ ծրագրավորող․ ըստ Nvidia-ի ղեկավարի՝ արհեստական բանականությունը կարող է օգնել այս հարցում

31 մայիսի, 2023  18:01

Այսօր շատերն են երազում ծրագրավորող դառնալու մասին, սակայն չունեն անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ, իսկ զրոյից սովորելը տևական գործընթաց է ու նաև թանկ։ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը վստահ է, որ արհեստական բանականության նոր գործիքների տարածումը նման հնարավորություն կտա բոլորին, ովքեր ցանկանում են դառնալ ծրագրավորող, ընդորում՝ առանց մեծ ջանքերի:

«Ծրագրավորման արգելքը աներևակայելի փոքր է: Այժմ մենք բոլորս կարող ենք դառնալ ծրագրավորողներ, պարզապես պետք է ինչ-որ բան ասել համակարգչին»,- Թայբեյում տեղի ունեցած Computex համաժողովի ժամանակ ասել է Հուանգը։

Ինչպես գրում է Business Insider-ը, Հուանգը կարծում է, որ արհեստական բանականության  համակարգ պարզապես հրամաններ մուտքագրելու միջոցով կոդ գրելու կարողությունը հնարավորություն կտա վերացնել մարդկանց միջև «թվային բաժանումը»: Ավելին, այս գործառույթը կբարձրացնի նաև ծրագրավորման զարգացման մակարդակը։

Հուանգի խոսքով՝ Nvidia-ի պրոցեսորներն աջակցում են արհեստական բանականության ոլորտի զարգացումներին, ինչպիսիք են OpenAI ընկերության ChatGPT չատբոտը: Միջոցառման ժամանակ Հուանգը հայտարարել է արհեստական ​բանականության հետ կապված մի քանի նոր արտադրանքների և համագործակցության մասին: Մասնավորապես, Nvidia-ն գովազդային հսկա WPP-ի հետ համագործակցությամբ պլատֆորմ է կառուցում, որը կօգնի համակարգչային գովազդ ստեղծել:

Հուանգը նաև կարծում է, որ արհեստական ​​բանականությունը հեղափոխություն է կատարել հաշվողական տեխնիկայի ոլորտում:

«Համակարգչային յուրաքանչյուր դարաշրջանում դուք կարող էիք անել տարբեր բաներ, որոնք նախկինում հնարավոր չէր, և արհեստական ​բանականությունը, անշուշտ, համապատասխանում է նոր դարաշրջան սահմանմանը»,- ասել է Nvidia-ի ղեկավարը:


 
 
 
 
  • Արխիվ