ChatGPT-ն հորինել է նախադեպերի մասին ինֆորմացիան և անհարմար դրության մեջ դրել իրեն դիմած փաստաբանին

29 մայիսի, 2023  16:09

Levidow, Levidow & Oberman ընկերության փաստաբան Սթիվեն Շվարցի նկատմամբ դատական պատժամիջոց կարող է կիրառվել, քանի որ նա դատարանին է ներկայացրել ինֆորմացիա, որն ավելի ուշ պարզվել է, որ չի համապատասխանում իրականությանը․ այն պարզապես հորինել է արհեստական բանականությամբ աշխատող ChatGPT չատբոտը, որից օգտվել է փաստաբանը։

Ինչպես տեղեկացնում է New York Times-ը, փաստաբանը ներկայացրել է Ռոբերտո Մատա անունով հաճախորդին, որը Avianca ավիաընկերության ինքնաթիռով թռիչքի ժամանակ ծնկի վնասվածք է ստացած եղել սննդի սայլակից: Փաստաբան Սթիվեն Շվարը որոշել է դատավորին տրամադրել այն գործերի ցուցակը, երբ նման դեպքերում հայցվորները փոխհատուցում են խնդրել, սակայն այդ ինֆորմացիան հավաքելու հավաքելու համար դիմել է ChatGPT չատբոտի օգնությանը։

ChatGPT չատբոտը, փաստաբանի հարցմանն ի պատասխան, տրամադրել է մի քանի նմանատիպ գործեր, օրինակ՝ «Martinez v. Delta Airlines»-ը և «Durden v. KLM Royal Dutch Airlines»-ը: Երբ Շվարցը դատարան է ներկայացրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, Avianca ավիաընկերության թիմը պարզել է, որ նման նախադեպեր իրականում գոյություն չունեն. պարզվել է, որ դրանք հորինել է չատբոտը։

Փաստաբանը պնդել է, որ «տեղյակ չի եղել, որ չատբոտի տրամադրած բովանդակությունը կարող է ճիշտ չլինել։ Դատավորը հաջորդ ամիս նիստ է նշանակել՝ քննարկելու «հնարավոր պատժամիջոցները» փաստաբանի նկատմամբ, որն իր գործը վստահել է արհեստական ​​բանականությանը։


 
 
 
 
  • Արխիվ